Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը «ջիհադիստական ահաբեկչական փորձ» է անվանել, հայտնում է The Times of Israel-ը։

Նրա ասելով՝ երկրորդ օդաչուն դանակով հարձակվել է անձնակազմի հրամանատարի վրա, որից հետո փորձել է կործանել ինքնաթիռը։

Ավելի ուշ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ մի քանի իսրայելցի ուղևորներ ներխուժել են օդաչուների խցիկ, օգնել վնասազերծել հարձակվողին և վերականգնել ինքնաթիռի նկատմամբ վերահսկողությունը։

«Flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած լուրջ միջադեպը ջիհադիստական ահաբեկչական փորձ էր, որը հնարավոր եղավ կանխել միայն մի քանի իսրայելցի ուղևորների արիության շնորհիվ»,- հայտարարել է Կացը։

Ըստ նրա՝ ուղևորներն օգնել են անձնակազմին վերականգնել ինքնաթիռի նկատմամբ վերահսկողությունը, որից հետո օդանավի կառավարումը ստանձնել են ինքնաթիռում եղած անձնակազմի մյուս անդամները։

«Ըստ մեզ հասանելի նախնական տեղեկությունների՝ ահաբեկիչը միայն մեկ նպատակ ուներ՝ կործանել ինքնաթիռը դրա բոլոր ուղևորների հետ միասին», — հայտարարել է նախարարը։

FZ1073 չվերթն իրականացնող Flydubai-ի ինքնաթիռը թռիչքի ընթացքում մի քանի վթարային ազդանշան է ուղարկել և կտրուկ իջել է։ Միջադեպից հետո այն փոխել է երթուղին և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տաբուկ օդանավակայանում։ Բոլոր ուղևորները ողջ են մնացել։

Իսրայելական իշխանությունները կատարվածը հետաքննում են որպես հնարավոր ահաբեկչական հարձակում։ Միևնույն ժամանակ, սկզբում հաղորդվում էր միայն օդաչուների խցիկում տեղի ունեցած բախման մասին, իսկ հարձակվողի դրդապատճառի պաշտոնական հաստատում առայժմ չկա։ Reuters-ը նշում է, որ դիտարկվում են տեղի ունեցածի տարբեր վարկածներ։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ հետաքննությանը միացել են «Մոսադ»-ը, ՇԱԲԱԿ-ը, Իսրայելի պաշտպանության բանակը և տրանսպորտի նախարարությունը։