Իսպանիան սկսել է ստուգել Սեուտայում ներգաղթյալների նկատմամբ զինծառայողների իրականացրած հնարավոր բռնության մասին հաղորդումները՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հետաքննությունից հետո, հաղորդում է Euronews-ը։
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը կազմակերպության զեկույցը փոխանցել է դատախազություն և Սեուտայի հերթապահ դատարան ու հանձնարարել է պարզել զինծառայողների հնարավոր անհատական պատասխանատվությունը։
Amnesty International-ը հայտարարել է, որ փաստագրել է ներգաղթյալների ծեծի, նվաստացման, հարկադիր արտաքսման և ռասայական խտրականության դեպքեր Սեուտայում՝ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական անկլավում։

Կազմակերպությունը հարցազրույց է անցկացրել ավելի քան 65 մարդու հետ և հավաքել 22 վկայություն, որոնցում ներգաղթյալները զինծառայողներին մեղադրում են ծեծի, սպառնալիքների և նվաստացումների, ինչպես նաև փողի գողության ու բջջային հեռախոսների առգրավման կամ ոչնչացման մեջ։
Վկաների պատմելով՝ զինծառայողները մարդկանց ծեծել են մահակներով և ոտքերով, նրանց ձեռքերը կապել պլաստիկ ժապավեններով և սպառնացել՝ պահանջելով լքել Սեուտան։ Amnesty-ն պնդում է, որ նման դրվագները կրկնվող գործելակերպի նշաններ ունեն, հատկապես Regulares-ի և Լեգեոնի ստորաբաժանումների գործողությունների ընթացքում։
Ներգաղթյալներից մեկը, որի հետ զրուցել են իրավապաշտպանները, տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով՝ կոճերի, ձեռքերի և մարմնի լուրջ վնասվածքներից հետո։ Նրա պատմելով՝ զինծառայողներն իրեն հրել են ավելի քան վեց մետր բարձրությունից։ Amnesty-ն հայտնել է, որ հարցազրույցի պահին տղամարդը նույնիսկ ռենտգեն հետազոտություն չէր անցել և նրան միայն շտապ վիրակապել էին։

Կազմակերպությունը հայտնել է նաև, որ ներգաղթյալների մոտ հայտնաբերված վնասվածքները համապատասխանում էին նրանց նկարագրած բռնության դրվագներին։ Amnesty-ն կարծում է, որ արձանագրված որոշ գործողություններ կարող են ընկնել խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի սահմանման տակ։
Իրավապաշտպանները կոչ են արել անկախ և համապարփակ հետաքննություն անցկացնել ու պարզել մեղավորների հնարավոր քրեական և կարգապահական պատասխանատվությունը։
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը Euronews-ին հայտնել է, որ օպերատիվ հրամանատարությանը հանձնարարել է հետաքննել զեկույցում ներկայացված հանգամանքները և պարզել հնարավոր անհատական պատասխանատվությունը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ դա անհրաժեշտ է մասնագիտական չափանիշների պահպանման և զինված ուժերի հեղինակության պահպանման համար։
Amnesty International-ը հետաքննությունն անցկացվել է Սեուտայում սեպտեմբերի 10-15-ը։





























