ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է արհեստական բանականության կարգավորման հարցում կիրառել համապարփակ մոտեցում՝ ներգրավելով պետական տարբեր գերատեսչություններ։ Դրա մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը՝ Թրամփի՝ արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։

«Մենք ամբողջ կառավարության մոտեցումն ենք կիրառում բոլոր ոլորտներում», — ասել է Քլեյթոնը՝ խոսելով Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման մասին։

Ըստ նրա՝ վարչակազմի ներկայացուցիչներն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները քննարկում են նաև արհեստական բանականության զարգացմանն առնչվող ռիսկերը և այն հնարավորությունները, որոնք ընձեռում է այս տեխնոլոգիան։ Քլեյթոնը նշել է, որ, իր կարծիքով, մասնավոր հատվածը ևս պետք է մշակի ընդհանուր մոտեցում՝ ի հայտ եկող խնդիրների լուծման համար։

«Գերբանականությունն ազգային անվտանգության հարց է»,- հայտարարել է ամերիկյան հետախուզության ղեկավարը։ Նա նշել է, որ այս ընկալմանը համամիտ էին ոչ միայն ընկերությունների ղեկավարները, այլև Սպիտակ տանը հանդիպման բոլոր մասնակիցները։

«Գերբանականություն» եզրույթը Թրամփի վարչակազմը վերջերս սկսել է օգտագործել՝ արհեստական բանականության զարգացման հաջորդ փուլը բնորոշելու համար։

Քլեյթոնի հայտարարությունը հնչել է Ներքին անվտանգության և կառավարական գործերի հարցերով Սենատի ենթահանձնաժողովում լսումների ֆոնին։ Նիստում, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, քննարկվում են այսպես կոչված «ԱԲ-գործակալների հարձակումներից» ԱՄՆ-ի պաշտպանության ուղիները։

Միևնույն ժամանակ, վարչակազմի դիրքորոշումը ենթադրում է ոչ միայն պետական կարգավորման ուժեղացում։ Դրանից մեկ օր առաջ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ կցանկանար բուն ԱԲ-ի ոլորտում աշխատող ընկերությունների «չափազանց ուժեղ ինքնակարգավորումը» տեսնել: