Այն վեճը, թե արդյոք Եվրոպան պետք է նախապատվություն տա սեփական պաշտպանական արտադրությանը, թե սպառազինություն գնի ԱՄՆ-ից, այժմ «շքեղություն» է, քանի որ ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան արդյունաբերությունը չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։ Դրա մասին Բրյուսելում անցկացված Defence & Space Summit գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Խնդիրն այն չէ, թե գնում եք Եվրոպայո՞ւմ, թե՞ ՝ Միացյալ Նահանգներում։ Խնդիրը այն է՝ կարո՞ղ եք գնել։ Փող կա։ Բայց Եվրոպայի ռազմարդյունաբերական բազան բավարար չափով զարգացած չէ։ Այն բավարար չափով չի արտադրում»,- ասել է Ռյուտեն։

Վերջին ամիսներին Եվրամիությունում շարունակվում է վեճը այն մասին, թե պետական պաշտպանական գնումների ժամանակ արդյոք պետք է նախապատվություն տալ եվրոպական արտադրանքին։ Ֆրանսիան հանդես է գալիս եվրոպացի արտադրողների համար ավելի խիստ պահանջների օգտին, մինչդեռ Գերմանիան պահպանում է ավելի բաց մոտեցում և կողմ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի լայն մասնակցությանը։

Ռյուտեն, որը շեշտել է, թե հավատարիմ է ազատ շուկայի ավանդույթին, այս վեճը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ արտադրական հզորությունների պակասի ֆոնին երկրորդական է համարում։

«Միշտ ավելի լավ է, երբ ազատ շուկաները գործում են հնարավորինս բաց և անկախ։ Բայց հիմա, կարծում եմ, սա շքեղության մասին քննարկում է՝ գնել եվրոպակա՞նը, թե՞ ամերիկյանը, որովհետև մենք չենք կարող գնել ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ։ Արտադրությունը բավարար չէ»,- հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարը պաշտպանական ընկերություններին կոչ է արել մեծացնել ներդրումները, որպեսզի բավարարեն երկարաժամկետ պահանջարկը, ինչպես նաև զարգացնեն նոր տեխնոլոգիաներ և սպառազինության ժամանակակից տեսակներ։

Ըստ նրա՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերությունն արդեն սերտորեն փոխկապակցված է, և դա համապատասխանում է ՆԱՏՕ-ի շահերին։

«Եվրոպական ընկերությունները, ինչպիսիք են Thales-ը, ներդրումներ են կատարում ԱՄՆ-ում։ Ամերիկյան ընկերությունները ներդրումներ են կատարում Եվրոպայում։ Սա տրանսատլանտյան ռազմարդյունաբերական բազա է, որը գործում է որպես միասնական ամբողջություն, և հենց այդպես էլ պետք է լինի»,- ասել է Ռյուտեն։

Որպես օրինակ նա նշել է Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության հետ կապված իրավիճակը։ Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են բալիստիկ հրթիռների որսիչներ, սակայն այսօր ո՛չ ֆրանս-իտալական SAMP/T համալիրը, ո՛չ ամերիկյան Patriot համակարգը չեն կարող արտադրվել այնպիսի քանակներով, որոնք բավարար կլինեն այս պահանջարկը հոգալու համար։

Ռյուտեն ընդգծել է, որ պաշտպանական արտադրությունն ընդլայնելու համար ֆինանսական ռեսուրսներ կան։

«Բոլորի համար բավարար գումար կա։ Եվ դրանից պաշտպանությունը շահելու է, որովհետև այս բոլոր ներդրումները օգուտ կբերեն հասարակությանը ոչ միայն պաշտպանական արտադրության և ռազմարդյունաբերական բազայի տեսանկյունից, այլև նորարարությունների և մնացած ամեն ինչի տեսանկյունից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։