ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Քրիստի Նոեմը 34 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել իր ամուսնու՝ Բրայոն Նոեմի դեմ, հաղորդում է Associated Press-ը:
Հայցը ներկայացվել է ապրիլին Հեմլին շրջանում՝ ամուսինների հարազատ Հարավային Դակոտա նահանգում, իսկ փաստաթուղթը հանրային հասանելիություն է ստացել երկուշաբթի։ Որպես ամուսնալուծության հիմք նշված են «անհաշտելի տարաձայնությունները»։
Նոեմն ու նրա ամուսինն ամուսնացել էին 1992 թվականի մայիսին, ունեն երեք երեխա։ Նախկին նախարարի փաստաբանը հաստատել է հայցի ներկայացման փաստը և հայտնել, որ Նոեմը հետագա մեկնաբանություններ կտա դատավարության շրջանակում:
Հայցի ներկայացմանը նախորդել էր մի քանի ամիս տևած ուշադրությունը Քրիստի Նոեմի անձնական կյանքի նկատմամբ։ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնից հեռանալու նախօրեին Կոնգրեսի անդամները նրան հարցեր էին ուղղել Կորի Լևանդովսկու՝ հատուկ պետական ծառայողի և նրա գլխավոր խորհրդականներից մեկի հետ ենթադրյալ արտամուսնական կապի վերաբերյալ: Լևանդովսկին նախկինում՝ 2016 թվականին, գլխավորել էր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը։
Նոեմը հերքել էր Լևանդովսկու հետ սիրավեպի առկայությունը՝ այդ պնդումները որակելով որպես «տաբլոիդային աղբ»։ Հայցում որևէ հայտարարություն չկա այն մասին, որ հենց այդ մեղադրանքներն են դարձել ամուսնալուծության պատճառ։
Նոեմը Ներքին անվտանգության նախարարությունը գլխավորել է 2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի մարտը՝ ի թիվս այլ բաների, զբաղվելով Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության իրականացմամբ։ Նրա հեռանալուց հետո նախագահը նախարարի պաշտոնում նշանակել է Օկլահոմայից սենատոր Մարկվեյն Մալինին, իսկ իրեն՝ Նոեմին՝ հատուկ ներկայացուցիչ Արևմտյան կիսագնդի անվտանգությանը նվիրված նոր՝ The Shield of the Americas նախաձեռնության շրջանակում:
Գերատեսչության ղեկավարի պաշտոնում Նոեմի գտնվելու վերջին ամիսներին նա նաև քննադատության էր բախվել Մինեապոլիսում ներգաղթային ծառայության աշխատակիցների կողմից գնդակահարված բողոքի ցույցերի երկու մասնակիցների մահից հետո իր հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև Ներքին անվտանգության նախարարության ծախսերի պատճառով:




























