ԱՄՆ Թենեսի նահանգում դաշնային վերաքննիչ դատարանը վերջին պահին կասեցրել է 50-ամյա Քրիստա Գեյլ Փայքի մահապատիժը, որը դատապարտվել էր սպանության համար, որը նա կատարել էր 18 տարեկանում։ Պատիժը պետք է ի կատար ածվեր չորեքշաբթի, սակայն նշանակված ժամից մոտ մեկ ժամ առաջ դատարանը որոշել է ստուգել՝ արդյոք մահապատիժ նշանակելիս պատշաճ կերպով հաշվի է առնվել այն սեռական բռնության պատմությունը, որին Փայքը ենթարկվել էր մանկության տարիներին, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ Վեցերորդ շրջանային վերաքննիչ դատարանը մահապատժի կասեցման մասին որոշումն ընդունել է երկու ձայն՝ մեկի դեմ հարաբերակցությամբ։ Թենեսիի դատախազությունն անմիջապես դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել կասեցումը։ Մահապատժի վկաներն ու լրագրողները մնացել են Նեշվիլի Riverbend խիստ ռեժիմի բանտում՝ սպասելով բարձրագույն դատական ատյանի որոշմանը։

Փայքը դատապարտվել էր 19-ամյա Քոլլին Սլեմերի սպանության համար, որը կատարվել էր 1995 թվականին։ Փայքն ու նրա այն ժամանակվա 17-ամյա ընկերը մեղավոր էին ճանաչվել Սլեմերի վրա հարձակման համար, որը նրանց ծանոթն էր Նոքսվիլի մասնագիտական ուսուցման կենտրոնից։ Փայքը չի ժխտում իր մեղքը։

Եթե մահապատիժը տեղի ունենար, նա կդառնար առաջին կինը, որին Թենեսիում մահապատժի կենթարկեին առնվազն վերջին 200 տարվա ընթացքում։ Փայքը նաև կդառնար նահանգում մահապատժի կիրառման ժամանակակից շրջանում միակ մարդը, որին մահապատժի կենթարկեին 18 տարեկանում կատարված հանցագործության համար։

Փայքի պաշտպանությունը պնդում է, որ պատիժ նշանակելիս անհրաժեշտ էր լիարժեքորեն հաշվի առնել նրա տարիքը, հոգեկան վիճակը և ծանր մանկությունը։ Ըստ փաստաբանների՝ նրա նկատմամբ սեռական բռնությունը սկսվել էր դեռ վաղ մանկությունից։ Ավելի ուշ Փայքի մոտ ախտորոշվել էին երկբևեռ խանգարում և հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Ներման խնդրագրում Փայքը գրել էր, որ մտադիր էր միայն կռվել Սլեմերի հետ, սակայն հարձակման ընթացքում կորցրել է ինքնատիրապետումն ու սպանել նրան։ Նա նաև զղջում էր կատարածի համար։

Փայքի գործը լայն արձագանք էր ստացել դեռ 1990-ականներին՝ սպանության դաժանության և զոհի մարմնի վրա կտրված հնգաթև աստղի պատճառով։ Դա տեղի էր ունեցել ԱՄՆ-ում այսպես կոչված «սատանայական խուճապի» շրջանում, երբ հանցագործություններն ու երիտասարդական ենթամշակույթը հաճախ կապում էին սատանայապաշտության հետ։

Քոլլին Սլեմերի մայրը կողմ է մահապատժի ի կատար ածմանը և հայտարարել էր, որ տասնամյակներ շարունակ սպասել է այդ պահին։ Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանի որոշումը Փայքի ճակատագիրը թողնում է անորոշ․ ԱՄՆ Գերագույն դատարանը պետք է որոշի՝ կմնա՞ արդյոք մահապատժի կասեցումը ուժի մեջ։