Մեծ Բրիտանիան դադարեցրել է Ֆրանսիայի հետ իրականացվող փորձնական ծրագիրը, որը նախատեսված էր փոքր նավակներով Լա Մանշը հատող ներգաղթյալների թիվը կրճատելու համար։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ «մեկը մեկի դիմաց» սկզբունքով համաձայնագիրն այլևս նոր գործեր չի ընդունում, հայտնում է Associated Press-ը։
Ծրագրի շրջանակում Լա Մանշը վտանգավոր կերպով հատելուց հետո Մեծ Բրիտանիա ժամանած ներգաղթյալներին կարող էին ձերբակալել և վերադարձնել Ֆրանսիա։ Փոխարենը բրիտանական իշխանություններն ընդունում էին մոտավորապես նույնքան ապաստան հայցողի, որոնք դիմումներ էին ներկայացրել անվտանգ և օրինական ճանապարհով։
Ծրագիրը նախատեսված էր երեք տարվա համար, սակայն համաձայնագիրը նախատեսում էր նաև դրա վաղաժամ դադարեցման հնարավորություն։ Ծրագրի գործողության ընթացքում մոտ 1500 մարդ Մեծ Բրիտանիայից վերադարձվել է Ֆրանսիա, իսկ փոքր-ինչ ավելի քիչ թվով ապաստան հայցողներ հնարավորություն են ստացել օրինականորեն մուտք գործել Մեծ Բրիտանիա։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցությունը Ֆրանսիայի հետ՝ փոքր նավակներով Լա Մանշը հատելու դեպքերի դեմ պայքարելու համար։ Միևնույն ժամանակ արդեն սկսված վերադարձի ընթացակարգերը կշարունակվեն․ համաձայնագրի շրջանակում ձերբակալվածների համար արտաքսման չվերթները կկատարվեն առաջիկա շաբաթներին։
Որոշումն ընդունվել է նման անցումների թվի կտրուկ նվազման ֆոնին։ 2026 թվականի սկզբից փոքր նավակներով Լա Մանշը հատել է մոտ 19 հազար մարդ, ինչը մոտ 40%-ով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Բրիտանական իշխանություններն այս նվազումը կապում են նաև Ֆրանսիայի հյուսիսում պարեկության և վերահսկողության ուժեղացման հետ։
Նման փորձերով նեղուցը հատելու վտանգը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում երկուշաբթի, երբ գերծանրաբեռնված նավակում մահացել են տասը տարեկան երեխա և երկու կին։ Նախնական տվյալներով՝ նրանք զոհվել են հրմշտոցի հետևանքով։
Լոնդոնի և Փարիզի համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում բարդացել է, երբ Մեծ Բրիտանիան 2020 թվականին դուրս եկավ Եվրամիությունից։ Վերջին տարիներին երկրները կնքել են մի քանի համաձայնագիր, որոնք ուղղված են Լա Մանշով անցումների թվի կրճատմանը։
Միգրացիայի թեման շարունակում է մնալ բրիտանական քաղաքականության ամենասուր հարցերից մեկը։ Անօրինական միգրացիայի ծավալներից դժգոհությունը նպաստել է բողոքի ցույցերին և աջ Reform UK կուսակցության ժողովրդականության աճին։



























