Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունքները:

Վերահսկողության ժամանակաշրջանն ընդգրկել է 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2011 թ. վերջն ընկած ժամանակահատվածը:

Ստուգվել են հետեւյալ ծրագրերը. «Առողջապահական համակարգի արդիականացում» առաջին եւ երկրորդ փուլերը, «Թռչնագրիպին հակազդելու»:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, հատկապես` առողջապահական հաստատությունների շինարարական ու վերանորոգման աշխատանքներում: Հայտնաբերվել են հավելագրումներ, անարդյունավետ ծախսեր, աշխատանքների չհիմնավորված թանկացումներ, պայմանագրային եւ նախագծային գների անհիմն շեղումներ եւ այլն: Խախտումների ընդհանուր ծավալը գերազանցում է 70 մլն դրամը:

Այսպես` թռչնագրիպին հակազդելու ծրագրի շրջանակներում Ապարանի բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս արտաքին պատերի մաքրման արժեքը թանկացել է 13.4 մլն դրամով միայն այն պատճառով, որ մաքրման աշխատանքներն իրականացվել են հղկաքարով հղկմամբ` ավազաշթով մաքրելու փոխարեն:

Հիշեցնենք, որ թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը Համաշխարհային բանկից 2006 թ. 4.4 մլն դոլարի վարկ է ստացել: