ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում քննադատել է Fox News հեռուստաալիքը՝ հայտարարելով, որ այն չափազանց հաճախ եթերաժամանակ է տրամադրում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ըստ նրա, քննադատում են հանրապետականներին և անձամբ ԱՄՆ նախագահին։

«Ինչո՞ւ է FoxNews-ը միշտ հրավիրում Չակ Շումերին, Հաքիմ Ջեֆրիսին, Ջեսիկա Տարլովին և յուրաքանչյուր դեմոկրատի, որպեսզի նրանք վատ բաներ ասեն Հանրապետական կուսակցության և, իհարկե, իմ մասին»,- գրել է Թրամփն իր սոցցանցում։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատները հեռուստաալիքում ավելի շատ եթերաժամանակ են ստանում, քան Հանրապետական կուսակցության աջակիցները։ «Հենց այդ պատճառով MAGA-ն և ԻՐԱԿԱՆ հայրենասերները երբեք չեն սիրի Fox-ին»,- հայտարարել է նա։

Թրամփը Fox News-ին մեղադրել է նաև այն բանում, որ հեռուստաալիքը հետևողականորեն առաջ է մղում «ամբողջությամբ բացասական նարատիվ», մինչդեռ հանրապետականների ներկայացուցիչներին, իբր, հնարավորություն է տրվում միայն կարճ պատասխանել քննադատությանը։ «Իսկապես զարմանալի է, որ ես հաղթել եմ բոլոր երեք ընտրություններում։ Ընդդիմությունը հսկայական է, բայց պայքարը շարունակվում է»,- գրել է նախագահը։

Մեկ այլ հրապարակման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ առումներով իրեն շատ լավ է զգում, ավելի լավ, քան երբևէ», սակայն, նրա կարծիքով, ամերիկյան հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ դրա մասին։

«Կեղծ լրատվամիջոցները հրաժարվում են տեղեկություններ տարածել մեր ռեկորդային ցուցանիշների մասին, ուստի ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ մասին ինքս պատմեմ»,- գրել է Թրամփը։