Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը քրեակատարողական համակարգի մարմիններին և հիմնարկներին թույլ կտա առանց կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների համաձայնության մշակել նրանց անձնական տվյալները, դրանց թվում՝ կենսաչափականը։ Փաստաթուղթը զետեղված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, առաջարկվող փոփոխությունները պետք է ստեղծեն այդ անձանց նույնականացման և վավերացման իրավական հիմք։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են կենսաչափական տվյալների մշակումն օգտագործել կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների տեղաշարժը վերահսկելու, անվտանգությունն ապահովելու և ապօրինի գործողությունները կանխելու համար։
Օրինագծում խոսքը տվյալների մասին է, որոնք հնարավորություն են տալիս հաստատել մարդու ինքնությունը նրա ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններով։ Նմանատիպ դրույթներ նախկինում էլ էին առաջարկվել․ Արդարադատության նախարարության պատրաստած նախագիծը նախատեսում էր դատապարտյալների, մեղադրյալների և կասկածյալների նման տվյալների մշակումն առանց նրանց համաձայնության։
Միևնույն ժամանակ կենսաչափական տեխնոլոգիաներն արդեն օգտագործվում են քրեակատարողական համակարգում։ Գործող կանոնները նախատեսում են կասկածյալների և մեղադրյալների լուսանկարահանում և պարտադիր պետական մատնադրոշմային գրանցում ՔԿՀ ընդունվելիս, ինչպես նաև դատապարտյալների՝ ուղղիչ հիմնարկ ժամանելիս։ Կանոնները միաժամանակ թույլ են տալիս ստուգել դատապարտյալների առկայությունը՝ օգտագործելով անձի նույնականացման տեխնիկական միջոցներ։
Նախաձեռնությանը կից բացատրական նյութերում նշվում է, որ քրեակատարողական համակարգի հիմնարկները պահպանում և օգտագործում են կենսաչափական տվյալներ անձի ինքնությունը ճանաչելու համար, սակայն Դաշնային պատժի կատարման ծառայությունում (ФСИН) նման տեղեկությունների կենտրոնացված պահպանում և մշակում նախատեսված չէ։ Օրինագիծը պետք է սահմանի համապատասխան իրավական հիմքը։
Դաշնային պատիժների կատարման ծառայությունը պատասխանատու է քրեական պատիժների կատարման, կասկածյալների և մեղադրյալների կալանքի տակ պահելու, նրանց պահպանության և տեղափոխման համար։
Այժմ օրինագիծը պետք է քննարկում անցնի Պետդումայում։ Մինչ դրա ընդունումը առաջարկվող փոփոխությունները չեն փոխում անձնական տվյալների մշակման գործող կարգը։



























