Մեծ Բրիտանիայի կառավարությունն ունի «լուրջ նշաններ», որ Իրանը առնչություն է ունեցել Ֆեյրֆորդ ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է վարչապետ Էնդի Բերնեմը, հաղորդում է BBC News-ը:
Միևնույն ժամանակ նա չի բացահայտել, թե ինչի վրա է հիմնված այս գնահատականը՝ ընդգծելով, որ հետաքննությունը շարունակում է բարդ մնալ և դեռ ընթացքի մեջ է։ Թեհրանը կտրականապես հերքում է իր առնչությունը։
«Կան լուրջ նշաններ, որ Իրանը որոշակի դեր է խաղացել այն ամենում, ինչ տեղի ունեցավ հանգստյան օրերին Ֆեյրֆորդ ավիաբազայում»,- ասել է Բերնեմը հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա գնահատմամբ՝ բրիտանական իշխանությունները սերտորեն համագործակցում են ամերիկացի գործընկերների հետ և լրացուցիչ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։
Խոսքը վերաբերում է կիրակի օրը Գլոստերշիր կոմսությունում տեղակայված ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին։ Ոստիկանությունը ձերբակալել էր Մեծ Բրիտանիայի 23-25 տարեկան հինգ քաղաքացու՝ երեք կասկածելի ավտոմեքենաների մասին հաղորդումից հետո։ Տղամարդկանց կասկածում են պայթուցիկ նյութերին առնչվող հանցագործությունների և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ Ավելի ուշ բոլոր հինգին ազատ են արձակել գրավի դիմաց, սակայն նրանք շարունակում են մնալ քննության ներքո։
Ավտոմեքենաների խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է բենզին, սակայն պայթուցիկ սարքեր չի գտել։ Բացի դրանից, հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից մեկն ինքն է զանգահարել 999 արտակարգ ծառայության համարին մոտավորապես մեկ ժամ առաջ, քան ոստիկանությունը սկսել է գործել։ Այդ հանգամանքը դարձել է քննության նոր հարցերից մեկը։
Կասկածյալներին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ավելի վաղ առաջացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը։ Նա հայտարարել էր, որ ինքը նրանց չէր ազատի։ Ի պատասխան՝ Բերնեմն ընդգծել է, որ խոսքը լիակատար ազատ արձակման մասին չէ․ նրա ասելով՝ տղամարդկանց նկատմամբ կիրառվել են «հնարավորինս խիստ գրավի պայմաններ», իսկ բրիտանական իշխանությունները իրավիճակի նկատմամբ «ամենախիստ վերահսկողություն» են պահպանում:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեռևս երեքշաբթի հայտարարել էր, որ միջադեպն ակնհայտորեն կապված է օտարերկրյա սուբյեկտի գործողությունների հետ, սակայն նույնպես չէր նշել կոնկրետ երկիր։ Այժմ բրիտանական կառավարությունն առաջին անգամ հրապարակայնորեն մատնանշել է Իրանի հնարավոր դերը։
Ֆեյրֆորդ ավիաբազան տասնամյակներ շարունակ օգտագործվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից որպես առաջավոր օպերատիվ բազա։ Վերջին ամիսներին ամերիկյան ռմբակոծիչներն այնտեղից գործողություններ էին իրականացնում Մերձավոր Արևելքում, դրանց թվում՝ հարվածներ հասցնելով Իրանին։ Թեհրանը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ իր տարածքի վրա հարձակումների համար օգտագործվող ցանկացած բազա համարում է օրինական թիրախ։
Լոնդոնում Իրանի դեսպանատունը մերժել է մեղադրանքները՝ տեղի ունեցածի հետ Թեհրանի կապի մասին ենթադրություններըն անվանելով «անհիմն և չարամիտ»։ Միևնույն ժամանակ բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանումները շարունակում են հետաքննությունը, իսկ իշխանությունները դեռևս չեն հայտնում, թե իրենց վարկածով Իրանը կոնկրետ ինչ դեր կարող էր խաղացած լինել։





























