Տաջիկստանի տարածքում տարածվում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին եւ նրա ընտանիքին նվիրված գրքեր: Ռուսաց լեզվով «Սատանա-2» եւ «Հուդա-2» գրքերի հեղինակները, ինչպես նաեւ այդ գրքերի տպաքանակը եւ հրատարակման վայրը հայտնի չեն:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տեղի խմբագրությունը, Ուզբեկստանի առաջնորդն այդ գրքերում ներկայացվում է որպես ագրեսոր ու դիկտատոր:

Գրքերում տեղեկություններ կան ինչպես Քարիմովի, այնպես էլ նրա ընտանիքի որոշ «հանցագործությունների» մասին: Քարիմովի լուսանկարներն այդ հրատարակություններում տեղադրված են ռումինական դիկտատոր Նիկոլաե Չաուշեսկուի, Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի եւ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի լուսանկարների կողքին:

Այդ գրքերում կան հղումներ Ուզբեկստանի ընդդիմադիր Ժողովրդական շարժման եւ նրա առաջնորդ Մուհամադ Սալիհի հետ կապված կայքերին: Ինքը` ընդդիմադիրը, հայտնել է, որ այդ գրքերի ի հայտ գալու հետ ինքը կապ չունի: