ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «գործնականում լիակատար վերահսկողություն» են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ, և պնդում է, որ վերջին երեք օրում այդ ռազմավարական ջրային ուղով անցել է ավելի շատ նավթ, քան երբևէ նրա պատմության ընթացքում։
«Մենք գործնականում լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրականում վերջին երեք օրում Հորմուզի նեղուցով անցել է ավելի շատ նավթ, քան երբևէ Հորմուզի պատմության ընթացքում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանն անցկացված միջոցառման ժամանակ։
Նախագահը հավելել է, որ Իրանը կորցրել է գրեթե ամբողջ իր ռազմական ենթակառուցվածքը։
«Նրանց ռազմածովային ուժերը ոչնչացված են, նրանց ռազմաօդային ուժերը ոչնչացված են, նրանց հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է»,- հայտարարել է նա՝ խոսելով շարունակվող պատերազմի արդյունքների մասին։
Թրամփն ընդունել է, որ Իրանը դեռևս ունակ է ժամանակ առ ժամանակ խաթարել նեղուցում նավերի շարժը։ Նրա ասելով՝ իրանական ուժերը «ժամանակ առ ժամանակ» ականներ են տեղադրում, ինչի պատճառով նավագնացությունը բախվում է խափանումների։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ վերջին օրերին Հորմուզով նավթի մատակարարումների հետ կապված իրավիճակը փոխվել է։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պատերազմի սկսվելուց հետո եղած շրջանի, այլ նեղուցի գոյության ամբողջ ընթացքում գրանցված պատմական առավելագույնի մասին է։
Խոսելով պատերազմի շարունակության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և որ ԱՄՆ-ը մոտ է հակամարտության ավարտին։
«Մենք շատ շուտով կհաղթենք այս պատերազմում՝ այսպես թե այնպես»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը պատերազմում կորցրել է 18 զինծառայող, մինչդեռ Իրանի կորուստները, նրա ասելով, կազմել են մոտ 4500 մարդ։





























