ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանել է «հաղթանակ Միացյալ Նահանգների համար» և հայտարարել, որ այժմ ամերիկացի զինծառայողները վերադառնում են տուն։
«Սա մեծագույն օր է Ամերիկայի համար և, որ հատկապես կարևոր է, մենք հեռանում ենք՝ Իրաքը թողնելով նոր վարչապետ Ալի ալ-Զեյդիին»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը Իրաքում ամերիկյան մասնակցությունն անվանել է «շատ վատ որոշումների» արդյունք, որոնց պատճառով երկիրը ներքաշվել է բազմամյա հակամարտության մեջ։ Ըստ նրա՝ խոսքը թանկարժեք ռազմական ներկայության մասին էր, որը չպետք է դառնար մշտական։
Թրամփը շեշտել է, որ հեռանալու որոշում ընդունելիս ինքն ընտրություն ուներ՝ պահպանել զորքերը կամ դուրս բերել դրանք։
«Ես առանց որևէ կասկածի որոշեցի, որ Ամերիկայի համար ժամանակն է վերադառնալ տուն»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը Իրաքից հեռանալը միաժամանակ հակադրել է Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը՝ հայտարարելով, որ այս անգամ ամերիկյան ուժերն ու սարքավորումները երկիրը լքում են կազմակերպված ձևով։ Նա պահանջել է բազայից վերցնել «յուրաքանչյուր պտուտակ» և ընդգծել, որ ԱՄՆ-ն իր հետևից ռազմական գույք չի թողնում։
«Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու, իսկ խալիֆաթն այլևս չկա։ Այդ պատճառով մենք իսկապես վերադառնում ենք տուն»,- հայտարարել է Թրամփը։
Նա գործողության ավարտն անվանել է վճռական հաղթանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ՝ հայտարարելով, որ հենց դրա ջախջախումն էր 2014 թվականին ամերիկացիների՝ Իրաք վերադառնալու գլխավոր պատճառը։
Թրամփը նշել է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Իրաքում տարբեր ձևերով շարունակվել է 23 տարի։ Ըստ նրա՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 4500 ամերիկացի զինծառայող, ավելի քան 31 հազար մարդ վիրավորվել է, իսկ զոհվածների թվում եղել են նաև հարյուրավոր քաղաքացիական կապալառուներ։
Իրաքում առաքելության ավարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Վերջին ամերիկյան ուժերը լքել են Էրբիլի բազան։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնն ու Բաղդադն անցնում են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության, իսկ ամերիկացի զինվորականները շարունակում են հակաահաբեկչական գործունեությունը Սիրիայում։
Զորքերի դուրսբերումը համաձայնեցվել էր դեռևս 2024 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, իսկ իրականացվել է արդեն Թրամփի օրոք։





























