Կասպից ծովի ջրի մակարդակը վերջին 48 տարվա ընթացքում իջել է նվազագույն ցուցանիշի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ մասնագետների՝ վերջին 30 տարվա ընթացքում Կասպից ծովի մակարդակը նվազել է 2,5 մետրով։ Ափամերձ շրջաններում ջուրը նահանջել է ավելի քան 1,5 մետրով։
Մասնագետները ծովի մակարդակի նվազման հիմնական գործոնների թվում նշում են կլիմայի փոփոխությունն ու գլոբալ տաքացումը։ Միևնույն ժամանակ, Կասպից ծովի մակարդակը կախված է բնական գործոնների բարդ համակցությունից, ներառյալ գետային հոսքի ծավալն ու գոլորշիացումը։
Շարունակվող ծանծաղացումը կարող է հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի էկոլոգիայի համար։ Փորձագետների գնահատմամբ՝ ջրի մակարդակի նվազումը կարող է անդրադառնալ ափամերձ տարածքների, նավագնացության, նավթագազային արդյունաբերության և Կասպից ծովի կենսաբազմազանության վրա։
Մակարդակի փոփոխությունն արդեն ազդում է ափամերձ ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության պայմանների վրա։ Ջրի հետագա նահանջը կարող է բարդացնել նավագնացությունը առանձին հատվածներում և փոխել ափամերձ էկոհամակարգերի վիճակը։
Կասպից ծովը մոլորակի ամենամեծ փակ ջրավազանն է, և դրա մակարդակը բնականորեն ենթակա է զգալի տատանումների։ Սակայն ներկայիս երկարատև նվազման միտումը մտահոգություն է առաջացնում։




























