ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտի մասին, երկարատև պատերազմը համեմատել է Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության հետ՝ նշելով, որ վերջինս ավարտվել է լիակատար ռազմական հաղթանակով ընդամենը 148 րոպեում։

«Համեմատության համար՝ Վենեսուելայի հետ մեր պատերազմում մենք կորցրել ենք զրո զինծառայող»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ամերիկացի զինվորականները 201 մարդ են ուղարկել խոշոր ռազմական օբյեկտի դեմ գործողության համար։ Թրամփը հայտարարել է, որ դրված խնդիրը կատարվել է, իսկ ամերիկյան կողմից կորուստներ չեն եղել։

«Մենք ներս մտանք 201 հոյակապ, տաղանդավոր, փայլուն և շատ կոշտ մարդկանցով։ Մենք զրո կորուստ ունեցանք, կատարեցինք մեր առաքելությունը»,- ասել է նա։

Թրամփը պնդում է, որ գործողությունը տևել է ուղիղ148 րոպե։

«Մտածեք դրա մասին՝ 148 րոպե ընդդեմ 23 տարվա։ Մենք ոչ ոքի չենք կորցրել և հասել ենք լիակատար ռազմական հաղթանակի»,- հայտարարել է նախագահը։

Թրամփը ասել է նաև, որ գործողությունից հետո Վենեսուելան սկսել է տնտեսապես վերականգնվել։ Նրա ասելով՝ երկիր են վերադառնում ավիաչվերթները, իսկ խոշոր նավթային ընկերությունները սկսում են ներդրումներ անել։

«Հիմա, գիտեք, Վենեսուելան դարձել է մեծ։ Մենք օգնում ենք մարդկանց կրկին հարուստ դառնալ»,- հայտարարել է նա՝ խոսելով ամերիկյան գործողության հետևանքների մասին։

ԱՄՆ նախագահն առանձին ընդգծել է Վենեսուելայում և Իրաքի պատերազմում կորուստների տարբերությունը։ Ըստ նրա՝ Իրաքում ամերիկյան մասնակցության 23 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 4500 զինծառայող, իսկ ավելի քան 31 հազարը վիրավորվել են։

Թրամփը հայտարարել է նաև, որ Վենեսուելայում գործողության ընթացքում ԱՄՆ-ը ոչնչացրել է մի մարդու, որին նա անվանել է «ահաբեկչության գլխավոր հովանավոր»։

Թրամփի ասելով՝ Վենեսուելայում իրավիճակն այժմ զարգանում է այլ ուղղությամբ, և հղում է արել նավթային ոլորտի վերականգնմանն ու ավիահաղորդակցության վերսկսմանը։