Ներկայումս իրանագիտությունը Հայաստանում հանդիսանում է գիտական գործունեության ոլորտի ամենապահանջված և էլիտար ուղղություններից մեկը: Սա միջգիտակարգային տարածագիտություն է, որը համապարփակ ուսումնասիրության նյութ է դարձնում իրանական խմբին պատկանող ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Հատկանշական է, որ իրանագիտության մաս է կազմում նաև օսագիտությունը, քրդագիտությունը, աֆղանագիտությունը, տաջիկագիտությունը և բնականաբար, բուն իրանագիտությունը: Այս թեմայի շուրջ Հայաստանի խոշորագույն իրանագիտական կենտրոնի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ զրուցեց NEWS.am-ի թղթակիցը:
Ինչպես նշեց Գ. Ասատրյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնը հանդիսանում է հնագույններից մեկը, որը հիմնադրվել է ԵՊՀ-ի ստեղծումից երկու տարի անց՝ 1920 թ., տարբեր գիտահետազոտական ուղղությունների հիման վրա: Ամբիոնն առաջինը գլխավորել է հանրաճանաչ լեզվաբան, բանասեր ակադէմիկոս Հրաչյա Աճառյանը: Այդ ժամանակներից ի վեր իրանագիտության ամբիոնը պատրաստում է տարբեր ուղղվածության մասնագետներ, որոնց ցուցակը մշտապես ընդլայնվում է: Այսօր ամբիոնի շրջանավարտներն աշխարհի բազմաթիվ վայրերում զբաղված են գիտական և դասախոսական գործունեությամբ՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս, ամենահայտնի բուհերում, միջազգային հետազոտական, վերլուծական և բիզնես կենտրոններում, դիվանագիտական միսիաներում, ԱԳՆ-ում, ինչպես նաև այլ հաստատություններում:
«Ժողովրդի շրջանում իրանագիտությունը հաճախ անվանվում է պարսկագիտություն, որը սխալ է: Իրանագիտությունն իրենից ներկայացնում է գիտական ուղղությունների ամբողջական փունջ՝ ներառյալ քրդագիտությունը, օսագիտությունը, ալանների ուսումնասիրությունը, այսինքն՝ օսերի նախնիների, աֆղանագիտությունը և այլն: Ուսումնառության շրջանում ուսանողները ոչ միայն ուսումնասիրում են տարբեր ժողովուրդների լեզուներ, այլև նրանց մշակույթը, պատմությունը, կրոնը, փիլիսոփայական մտքի զարգացումը և այլն: Նույնիսկ ավարտելով բակալավրիատը՝ շրջանավարտները, բացի պարսկերենից, նվազագույնը տիրապետում են ևս մեկ-երկու և ավելի լեզուների, որն արդեն կախված է տվյալ ուսանողի ջանասիրությունից և նպատակասլացությունից», - նշեց Գ. Ասատրյանը՝ հավելելով, որ բացի իրանական խմբին պատկանող լեզուներից ուսանողները հնարավորություն ունեն նաև ընտրելու և սովորելու որևիցե եվրոպական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն: Գառնիկ Ասատրյանի խոսքերով, իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանում են մեծ թվով արտասահմանյան ուսանողներ Իրանից, Մոնղոլիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլ երկրներից:
Առավել մանրամասն խոսելով ուսումնասիրվող լեզուների մասին՝ պրոֆեսորը թվարկեց դրանցից մի քանիսը. «Օրինակ մեզ մոտ դասավանդվում է պարսկերեն, որով աշխարհում հաղորդակցվում է առավել քան 120 մլն մարդ, քրդերեն, բելուջերեն, որոնք իրանական խմբին պատկանող լեզուներ են: Ընդհանուր առմամբ՝ աշխարհում շուրջ 180 մլն մարդ հաղորդակցվում է իրանական խմբին պատկանող լեզուներով, որն, ամենևին, ցածր ցուցանիշ չէ: Մագիստրատուրայի շրջանակներում արդեն շուրջ յոթ տարի է, ինչ գործում է հնդկագիտության ծրագիրը, որի մեջ մտնում է ոչ միայն Հնդկաստանի պատմության և մշակույթի, այլև սանսկրիտ, բենգալերեն, հինդի և ուրդու լեզուների ուսումնասիրությունը»:
Գառնիկ Ասատրյանի համոզմամբ՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի բակալավրիատի մակարդակը լիովին բավարար է, որպեսզի հետագայում շրջանավարտները կարողանան զբաղվել գիտական գործունեությամբ՝ ընձեռելով նրանց ընտրության լայն հնարավորություն: «Մեզ մոտ ընդունվող երիտասարդները նախապես պետք է գիտակցեն, որ իրանագիտությունը գիտակարգային ներկապնակ է, որը հետագայում հնարավորություն է ընձեռում ունենալ մեկ կամ մի քանի նեղ մասնագիտացում: Օրինակի համար դա կարող է լինել քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը, կրոնագիտությունը, դիվանագիտությունը, մշակութաբանությունը, բանասիրությունը,: Գիտելիքի այդպիսի պաշարը լայն հորիզոններ է բացում ուսանողների առջև՝ ընտրելու որևէ նեղ մասնագիտացում և դառնալու բարձրակարգ մասնագետ, մտավորական, արևելագետ, քաղաքական վերլուծաբան, դիվանագետ», - ընդգծեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը: Ըստ նրա՝ ուսանողներն արդեն 2-3-րդ կուրսից հնարավորություն են ստանում զբաղվել գիտական գործունեությամբ, իսկ իրանագիտության ամբիոնը թողարկում է երկու գիտական պարբերական, որտեղ հրատարակելով իրենց հետազոտությունները՝ երիտասարդները կարողանում են փորձել իրենց ուժերը: Այդ պարբերականներից մեկը՝ «Օրիենտալիան», ամբողջովին ծառայում է այդ նպատակին:
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտները, դասախոսներն ու մասնագետները հնարավորություն ունեն հրատարակել իրենց գիտական հոդվածները «Իրան և Կովկաս» պարբերականում (Iran and the Caucasus – Իրանագիտության կովկասյան կենտրոնի կողմից հրատարակվող ակադեմիական պարբերական, որը հիմնադրել է Գառնիկ Ասատրյանը 1997 թ.): Սա կարևոր նշանակություն ունեցող միջազգային մակարդակի պարբերական է, որտեղ իրենց աշխատանքներն են հրատարակում աշխարհի հեղինակավոր գիտնականները: Պարբերականը հրատարակվում է BRILL (Leiden-Boston) հանրահայտ հրատարակչությունում», - ասաց Գ. Ասատրյանը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը նշեց, որ ամբիոնը սերտորեն ինտեգրված է բարձրագույն կրթության համաշխարհային համակարգին: Իրանագետ ուսանողները միջբուհական պայմանագրերի հիման վրա կրթական փորձաշրջան են անցնում Իրանում, Ռուսաստանի բուհերում, իսկ հաջորդ տարվանից հավանաբար հնարավորություն կստանան փորձաշրջան անցնել նաև Աֆղանստանում: «Անվտանգ վայրերում բնականաբար», - ընդգծեց Գ. Ասատրյանը՝ հավելելով, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում Վլադիկավկազի բուհերի հետ: Ավելին, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում շարունակել ուսումն արտասահմանում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Ավստրիայում, Հնդկաստանում:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում կրոնների ուսումնասիրությանը: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ամբիոնի շրջանակներում բացվելու է շիական հետազոտությունների կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան զբաղվել հիշյալ իսլամական կրոնական ճյուղավորման ծագման պատմության և զարգացման խորքային ուսումնասիրությամբ:
Նրանց համար, ովքեր հետաքրքրված են Ադրբեջանի պատմության և լեզվի ուսումնասիրությամբ, իրանագիտության ամբիոնն այստեղ ևս կարող է օգտակար լինել: «Մենք այդ ոլորտում ունենք հիանալի մասնագետներ, որոնք շատ սեղմ ժամկետներում ցուցաբերում են փայլուն արդյունավետություն: Բոլոր նպատակասլաց երիտասարդներին, որոնք ազգային գաղափարի կրողներ են, սիրում են իրենց հայրենիքը և ձգտում են օգտակար լինել նրան, մենք հնարավորություն ենք ընձեռում խորապես ուսումնասիրել մեր հարևան երկիրը, նրա լեզուն և պատմությունը», - հավելեց գիտնականը: Վերջում Գ. Ասատրյանը նշեց, որ վերոհիշյալ ծրագրերի հետ մեկտեղ իրանագիտության ամբիոնը մշակել և հաջորդ տարվանից իրականացնելու է թալիշական ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվելու է այդ ժողովրդի պատմությունը, լեզուն և մշակույթը:




























