Արևմտյան Եվրոպայի ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրը փակվել են անկումով՝ նավթի գների աճի պայմաններում։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համահավաք ինդեքսը նվազել է 0,5%-ով՝ հասնելով 634,89 կետի։ Այն ընդհատել է հնգամսյա աճը՝ սեպտեմբերն ավարտելով 1,7% անկումով։ Դրա հետևանքով ամբողջ երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը կորցրել է 0,7%։

Բրիտանական FTSE 100-ը չորեքշաբթի օրը նվազել է 0,29%-ով, գերմանական DAX-ը՝ 0,79%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,89%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,84%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,47%-ով։

FTSE 100-ը սեպտեմբերի արդյունքներով կորցրել է 1,4%, սակայն եռամսյակի կտրվածքով աճել է 1,2%-ով։ Այսպիսով, այն աճում է արդեն յոթ եռամսյակ անընդմեջ, ինչը վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում ամենատևական դրական շարքն է։

Չորեքշաբթի օրը ներդրողները գնահատում էին վիճակագրական տվյալներն ու ընկերությունների նորությունները։

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը բարելավել է երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի աճի գնահատականը։ Վերջնական տվյալների համաձայն՝ ապրիլ-հունիս ամիսներին բրիտանական տնտեսությունը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0,5%-ով, այլ ոչ թե 0,4%-ով, ինչպես հաղորդվում էր նախկինում։

Գերմանիայում սպառողական գները, որոնք համապատասխանեցված են Եվրամիության չափանիշներին, սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 3,3%-ով։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է նախնական տվյալները։ Այսպիսով, օգոստոսի 2,9%-ի համեմատ գնաճն արագացել է և թարմացրել 2023 թվականի դեկտեմբերից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշը։ Ըստ Trading Economics-ի տվյալների՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին տեմպերի աճ մինչև 3,1%։

Գերմանիայում մանրածախ վաճառքներն օգոստոսին ամսական կտրվածքով աճել են 1,3%-ով, ինչն ավելի ցածր է փորձագետների կանխատեսումներից, ովքեր միջինում ակնկալում էին 1,5% աճ։ Գերմանիայում գործազրկության մակարդակը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, չի փոխվել և կազմել է 6,4%՝ արդարացնելով շուկայի սպասումները։

Destatis-ի նախնական տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ Գերմանիայի պետական պարտքը կազմել է 2 տրլն 753,5 մլրդ եվրո։ Սա 26,3 մլրդ եվրոյով (1%-ով) գերազանցում է ընթացիկ տարվա մարտի վերջի ցուցանիշը։

Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, Ֆրանսիայում տարեկան գնաճը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 3,4%-ի, ինչն առավելագույն ցուցանիշն է 2024 թվականի հունվարից ի վեր։ Վերլուծաբաններն այն գնահատում էին 3,1%։

Istat վիճակագրական գործակալության նախնական տվյալներով՝ Իտալիայում Եվրամիության չափանիշներին համապատասխանեցված սպառողական գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 4,1%-ով։ Այսպիսով, գնաճը՝ օգոստոսի 3,2%-ի դիմաց, ուժգնացել է՝ թարմացնելով 2023 թվականի սեպտեմբերից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշը։

Չորեքշաբթի օրը Stoxx 600-ի բաղադրիչների շրջանում աճի առաջատարը նորվեգական Kongsberg Gruppen ASA ընկերությունն էր (+4,8%), իսկ ամենամեծ անկումը գրանցել է ավստրիական AT&S Austria Technologie und Systemtechnik AG-ն (-7,2%)։

BMW AG-ի բաժնետոմսերն արժևորվել են 1,5%-ով այն բանից հետո, երբ գերմանական ավտոկոնցեռնը ներկայացրել է ռազմավարական պլան, որը ներառում է արհեստական բանականության ներդրում, ղեկավար պաշտոնների կրճատում և երկու նոր մոդելների թողարկում։ Ընկերությունը նաև նախատեսում է մինչև 2030 թվականը շահութաբերությունը վերադարձնել 8-10% երկարաժամկետ նպատակային միջակայք։

Բրիտանական Greggs հացաբուլկեղենի ցանցի շուկայական արժեքն աճել է 8,2%-ով այն հաղորդագրություններից հետո, որ ընկերությունը կարող է փակել չորս արտադրական օբյեկտ և կրճատել շուրջ 740 աշխատատեղ՝ աճող գնաճային ճնշումների պայմաններում ծախսերը նվազեցնելուն ուղղված ջանքերի շրջանակում։

Դեղագործական փաթեթավորում արտադրող Gerresheimer ընկերության բաժնետոմսերը թանկացել են 5,5%-ով։ Գերմանական ընկերությունը զեկուցել է երկրորդ եռամսյակում հասույթի աճի մասին, որը կազմել է 578 մլն եվրո՝ նախորդ եռամսյակի 475 մլն եվրոյի դիմաց։

Դանիական H. Lundbeck դեղագործական ընկերության գնանշումները նվազել են 0,4%-ով այն հաղորդագրություններից հետո, թե ընկերությունը հետաքրքրություն է հայտնել ամերիկյան Xeris կենսադեղագործական ընկերության ձեռքբերմամբ։

Ավտոմոբիլային մանրածախ առևտրի և դիլերային կենտրոնների կառավարման ծրագրային ապահովում մշակող Pinewood Technologies-ի կապիտալիզացիան կրճատվել է 0,1%-ով՝ չնայած կիսամյակային ուժեղ հաշվետվությանը։ Ընկերության շահույթը հունվար-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 11,4%-ով։

Նավթի գների աճը չօգնեց նավթային հսկաներին առևտրային նստաշրջանը դրական ցուցանիշներով եզրափակել։ BP Plc-ի շուկայական արժեքը նվազել է 0,2%-ով, TotalEnergies-ինը՝ 1,9%-ով, Eni-ինը՝ 1,1%-ով, իսկ Shell-ինը՝ 0,7%-ով։