Մոսկվայի արեւմուտքում, մայիսի 21-ին կատարված նախկին գեներալ Ռոման Դումբաձեի սպանության մեջ աջարական հետք են փնտրում:
ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ այդ սպանությունն աջարական սփյուռքում ազդեցության ոլորտների վերաբաշխման արդյունք է:
Նրա խոսքով, հանցագործության հիմքում ընկած են մրցակցող էթնիկ հանցագործ խմբերի բիզնես շահերը, որոնք վերահսկվում են օրենքով գողեր Թարոյի եւ «Դեդ Հասանի» կողմից:
Միաժամանակ նա չի բացառել վրացական իշխանությունների վրեժի տարբերակը, որոնք ստիպված էին 2008 թ. Դումբաձեին բաց թողնել բանտից, որտեղ նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել դավաճանության եւ ապստամբության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել են NEWS.am-ը, մայիսի 21-ին Մոսկվայի արեւմտյան հատվածում սպանվել է Վրաստանի Զինված ուժերի նախկին գեներալ, Բաթումիի 25-րդ բրիգադի նախկին հրամանատար Ռոման Դումբաձեն: Մոտոցիկլով անհայտ հանցագործները կրակել ու սպանել էին տղամարդուն, որից հետո անհետացել էին:
Վրաստանի եւ Աջարիայի միջեւ հակամարտության ժամանակ գեներալ Դումբաձեն հրաժարվել էր ենթարկվել Վրաստանի նախագահի հրամաններին եւ հրապարակավ հայտարարել Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի անմիջական ենթակայության տակ անցնելու մասին: Դրա համար հետագայում նա ձերբակալվեց Վրաստանի անվտանգության մարմինների կողմից եւ երկար ժամանակ գտնվում էր մեկուսարանում:




























