ԱՄՆ Այովա նահանգում ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, երբ նա ավագ դասարանների աշակերտներին լրացուցիչ միավորներ է առաջարկել՝ իր անձնական դրամահավաքի օգտին նվիրատվություններ կատարելու դիմաց, որը նախատեսված էր Էկվադոր մեկնելու համար։
Հետագայում վարչական դատավորը նրան մերժել է գործազրկության նպաստ տրամադրել՝ համարելով, որ նրա գործողությունները խախտել են գործատուի շահերը։
Սթեֆանի Մալլին աշխատում էր որպես երկարաժամկետ փոխարինող ուսուցչուհի Քլինթոնի դպրոցական շրջանում։ Մայիսի 29-ին նրան հեռացրել են, երբ ղեկավարությունը իմացել է աշակերտներին արված նրա առաջարկի մասին, հայտնում է Iowa Capital Dispatch-ը։
Ինչպես պարզել է վարչական դատավոր Դուեյն Գոլդենը, 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում Մալլին աշակերտներին պատմել է իր անձնական կրթական նպատակների և իր ստեղծած GoFundMe դրամահավաքի մասին։ Դատարանի տվյալներով՝ նա դպրոցականներին առաջարկել է իր առարկայից լրացուցիչ միավորներ ստանալ, եթե նրանք գումար նվիրաբերեն այդ հաշվեհամարին։
Աշակերտներից ոմանք իսկապես նվիրատվություններ են կատարել։ Իսկ երբ դրա մասին հայտնի է դարձել վարչակազմին, Մալլիին հեռացրել են աշխատանքից։ Դատավորը եզրակացրել է, որ նա օգտագործել է ուսուցչի իր դիրքը՝ դպրոցականներին դրամական նվիրատվությունների դրդելու համար, և դա գնահատել է որպես աշխատանքին առնչվող խախտում։
Գործի նյութերում նշվում է նաև, որ աշակերտներներից ոմանք ճնշում էին զգացել, քանի որ լրացուցիչ միավորները կապված էին իրենց ուսուցչուհուն կատարվող նվիրատվությունների հետ։
Մալլին դրամահավաքը կազմակերպել էր 2026 թվականի հուլիսին ամուսնու հետ միասին նախատեսված Էկվադոր ուղևորության համար։ GoFundMe-ի էջում նա գրել էր, որ հրավեր է ստացել մասնակցելու բժշկական առաքելության, որտեղ պատրաստվում էր օգնել թարգմանության հարցում և հաղթահարել լեզվական արգելքը բժշկական աշխատողների ու տեղի բնակիչների միջև։ Նրա ասելով՝ ամուսինը պետք է օգներ թիմին։
Գումարը նախատեսվում էր ծախսել ավիատոմսերի, ավտոբուսների և նավակների, սննդի և կեցության վրա։ Դրամահավաքի նպատակը կազմում էր 1800 դոլար, սակայն դրա աշխատանքը կասեցնելուց առաջ հաջողվել էր հավաքել ընդամենը 140 դոլար՝ վեց մարդուց։
Սոցիալական ցանցերում Մալլին ուղևորությունն անվանել էր կարիքավորներին օգնելու հնարավորություն և գրել էր, որ այն օրհնություն է համարում։ Նա նշել էր նաև, որ ֆինանսական աջակցության հույս ունի, սակայն նրանցից, ովքեր չեն կարող գումար նվիրաբերել, խնդրել էր գոնե աղոթել ուղևորության մասնակիցների համար։
Դատավորը Մալլիին մերժել է գործազրկության նպաստը։ Նա նշել է, որ նվիրատվությունների դիմաց լրացուցիչ միավորներ առաջարկելը ծառայողական պարտականությունների խախտում էր և վկայում էր դպրոցական շրջանի շահերի նկատմամբ անփութության մասին։
Անհայտ է, թե ի վերջո տեղի՞ է ունեցել արդյոք Մալլիի և նրա ամուսնու ուղևորությունը դեպի Էկվադոր։





























