ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը գովազդ է գնել CNN և MS NOW հեռուստաալիքներով, թեև այդ լրատվամիջոցների լրագրողներին զրկել էին Սպիտակ տան հավատարմագրումից: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով AdImpact վերլուծական ընկերությանը:
Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տունն այդ հեռուստաալիքներով Թրամփին աջակցող երկու տեսահոլովակ է թողարկել: Առաջինում, որը կրում է «Երկիրը, որը նա սիրում է» անվանումը, ԱՄՆ նախագահը խոստանում է «հաղթահարել կոմունիզմը, սոցիալիզմն ու մարքսիզմն Ամերիկայում»: Երկրորդ հոլովակում՝ «Վերջին ճակատամարտը» վերնագրով, նա քննադատում է «ստվերային պետությունը», «պատերազմ հրահրողներին» և «գլոբալիստներին»:
Առաջին գովազդը եթեր է հեռարձակվել MS NOW-ով Լոս Անջելեսում, ինչպես նաև CNN-ով Լոս Անջելեսում, Օլբանիում և Նյու Յորքում: Երկրորդ տեսանյութը դիտել են MS NOW-ի՝ Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի և Վաշինգտոնի լսարանները, իսկ CNN-ն այն ցուցադրել է Լոս Անջելեսում: AdImpact-ի տվյալներով՝ Սպիտակ տունը ևս մեկ հոլովակ է գործարկել այլ ալիքներով՝ ընդհանուր առմամբ երեք տեսանյութի համար հարկատուների միջոցներից ծախսելով առնվազն 2,87 միլիոն դոլար:
Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ CNN-ի, MS NOW-ի և Politico թերթի լրագրողներին զրկում է Սպիտակ տան մուտքից՝ իր աշխատակազմի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Սեպտեմբերի 19-ին հիշյալ լրատվամիջոցների թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը զրկվել էին ԱՄՆ նախագահի նստավայր մուտք գործելու հնարավորությունից: Ավելի ուշ Կոլումբիա օկրուգի դատարանը չեղարկել էր Թրամփի որոշումը, սակայն Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության առաջին անձանց անվտանգության համար, միևնույն է, չէր թույլատրել նրանց մուտք գործել Սպիտակ տուն: Դրանից հետո լրատվամիջոցները նոր հայց էին ներկայացրել՝ պահանջելով արգելել նախագահին զրկել իրենց լրագրողներին Սպիտակ տանը աշխատելու իրավունքից:





























