Հուսով ենք՝ նամակները տեղ կհասնեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ արկղով հազարից ավելի նամակներ հանձնվեցին կառավարություն, որոնք ուղղված են Բաքվում հապվող հայերին։

«Ըստ Հանրագրերի մասին օրենքի, մեկամսյա ժամկետում պետք է ստանանք պատասխան կառավարությունից։

Մենք մեծ սպասելիքներ ունենք , որ նամակները տեղ կհասնեն։ Ես չգիտեմ՝ ինչքան դրա համար պետք է չարչարվենք, բայց բոլորս պետք է չարչարվենք, որ տեղ հասնեն։

Ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր մեխանիզմները պետք է օգտագործել գերիներին հասնելու համար և մեզնից նրանց փոխանցելու աջակցություն, էներգիա և նրանցից ստանալու բավարար տեղեկություններ, որոնք լրացուցիչ երաշխիքներ են նրանց իրավունքների պաշտպանության համար։ Այս նամակները տեղ կհասնեն, թե չէ, եթե տեղ չհասնեն արգելակները, որ մակարդակում կլինեն, կամ Հայաստանում կլինեն, թե Ադրբեջանում. սրանք բոլորը հարցեր են, որոնց պետք է անընդհատ անդրադառնալ, փորձել հանրային ճնշումով առաջ մղել։

Այո, ես կարծում եմ, որ հնարավորություն կա նամակները տեղ հասցնելու, այս ճանապարհով չլինի, այլ ճանապարհ կփորձենք։ Այլ նախաձեռնություններ երբեմն-երբեմն կարող ենք ունենալ, ես անձամբ մշտապես պատրաստ եմ այս թեմայով և մի շարք այլ թեմաներով բոլորի կողքին կանգնել։ Մեր «Արցախ Միության» կողմից պարբերաբար տարբեր զեկույցներ, գրություններ պատրաստում ենք, նաև միջազգային կառույցներին ուղղված, նաև աջակցում ենք իրավական գործընթացներին, գործընկեր կազմակերպությունների հետ միասին»,–ասաց նա։