Ես իրատեսական եմ համարում, որ ցանկացած ձևաչափով կարող է քննարկվել գերիների հարցը և որոշում կայացվել, եթե երկուստեք քաղաքական կամք լինի, հենց քաղաքական կամքի բացակայության խնդիրն էր պատճառը, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրում ներառված չէ գերիների հարցը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պետք է հասցեագրի հակամարտության բոլոր հիմնական բաղադրիչները, իսկ գերիների հարցը, քանի որ ոչ միայն քաղաքական հարց է, այլև հումանիտար, խիստ զարմանալի ու դատապարտելի է, որ նույնիսկ հումանիտար հարցը տեղ չի գտել նմանատիպ փաստաթղթում, էլ չասեմ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնում, վերադարձ, մեր սեփականության ժառանգության պաշտպանություն, կարգավիճակ, բազմաթիվ այլ հարցեր, որոնք նույնպես դուրս են մնացել տվյալ փաստաթղթից, որը, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ է, ոչ թե խաղաղության համաձայնագիր»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե ամեն օր ջանք են գործադրում գերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա ասաց, որ այդ պնդումները հավաստի չեն. «Հավաստի չեն ոչ միայն անվստահությունից ելնելով, որի բազմաթիվ պատճառներ ունենք, այլև կոնկրետ փաստերից ելնելով։ Մասնավորապես ամենահումանիտար հարցերում մենք ուղղություն ենք ցույց տալիս իրենց, գրություններ ենք ուղարկում, օրինակ, Ադրբեջանից Կարմիր խաչի գրասենյակի արտաքսումից հետո մենք դիմեցինք, որ Հայաստանի կառավարությունը օգտվի միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունից, մեխանիզմից, որպեսզի երրորդ երկրի հյուպատոսական ծառայության հասանելիության հարց լուծի։ Մասնավորապես, մենք դիմեցինք Շվեյցարիայի ԱԳՆ–ին, որտեղից ի պատասխան պաշտոնապես նշվեց, որ իրենք պատրաստ են նմանատիպ առաքելության, եթե Հայաստանի կառավարության կողմից նման դիմում լինի։ Դա եղել է անցած տարվա մարտին, երեք շաբաթ հետո պատասխանը ստացել ենք Շվեյցարիայի ԱԳՆ-ից։ Մեկ ու կես տարի անցել է, դեռևս Հայաստանի ԱԳՆ-ից որևէ հոդաբաշխ գրավոր կամ բանավոր պատասխան չենք ստացել։ Ինչո՞ւ չեն անում դա։
Բազմաթիվ այլ փաստեր էլ կան, մասնավորապես նաև հանրային տիրույթում, տեղեկատվական դաշտում, ընդհուպ մինչև վարչապետի մակարդակով գերեվարված, տառապող, խոշտանգվող մեր հայրենակիցներին անձնապես հասցեական թիրախավորելը։ Սա ցույց է տալիս, որ ինքը անձամբ, հետևաբար նաև իր գլխավորությամբ ամբողջ իշխանությունը հետաքրքրված չէ, շահագրգռված չէ առնվազն մի մասի վերադարձով։
Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չի վերադարձնել, հնարավոր է, եթե բավարար հանրային և միջազգային ճնշում լինի և Հայաստանի իշխանությունների վրա, և այն դերակատարների վրա, որոնք կարող են ազդել Ալիևի որոշման վրա»,– հայտարարեց Արտակ Բեգլարյանը։




























