Հայաստանի Լոռու և Տավուշի մարզկենտրոններ Վանաձոր և Իջևան քաղաքներում կկառուցվեն ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի ֆուտբոլային մարզադաշտեր։ Համապատասխան որոշման նախագծերին հավանություն է տրվել Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում։

Նախատեսվում է մարզադաշտերի շինարարությունն ավարտել մինչև 2028-ի վերջ՝ 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ։

Կառավարության նիստի ժամանակ որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը կմասնակցի 24 թիմ։

«Ընդհանուր առմամբ կանցկացվի 52 հանդիպում, որոնց կեսը՝ Հայաստանում։ Երևանում նախատեսվում է կազմակերպել 15-17 հանդիպում, իսկ Իջևանում և Վանաձորում՝ ընդհանուր առմամբ 9-11 խաղ։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտեր, որոնք առնվազն 10 հազար հանդիսականի տարողունակություն կունենան»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ առաջնությունը նախատեսվում է անցկացնել 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ընդ որում, միջազգային պահանջների համաձայն՝ մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առաջնության մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։ Հետևաբար, դրանք պետք է շահագործման հանձնվեն և հավաստագրվեն մինչև 2029 թվականի մարտ ամիսը։

«Ներկա պահին մենք ունենք 30 ամիս»,- նշել է Անդրեասյանը՝ պարզաբանելով, որ այդ ընթացքում անհրաժեշտ է ավարտել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, անցկացնել փորձաքննություններ, ինչպես նաև իրականացնել կառուցման և վերակառուցման աշխատանքները։

Սուղ ժամկետներով է պայմանավորված գնումը հրատապ ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Շինարարական աշխատանքների շուրջ բանակցություններ են տարվել «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության հետ, որը մարզադաշտերի նախագծում է իրականացնում և նմանատիպ կառույցների նախագծման միջազգային փորձ ունի։ Ընկերությունն առաջարկել է աշխատանքներն ավարտել 24 ամսվա ընթացքում։

«Վանաձորում խոսքը վերակառուցման մասին է, իսկ Իջևանում՝ զրոյից կառուցման»,- հավելեց պաշտոնյան։

Նախարարի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ եթե աշխատանքները սկսվեն հիմա, ապա երկու մարզադաշտերն էլ հնարավոր կլինի պատրաստել մինչև 2028 թվականի վերջ։

Որոշման ընդունումից հետո նախատեսվում է նաև մեկ ամսվա ընթացքում ավարտել պայմանագրի ստորագրումը։

Իջևանի մարզադաշտի համար ընկերությունն առաջարկել է կիրառել SPS կոմպոզիտային տերասավորման տեխնոլոգիան։ Դրա կիրառումը թույլ կտա կրճատել շինարարության ժամկետները և անմիջապես տեղում իրականացվող աշխատանքների ծավալը։

Ծրագրի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն։

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մարզադաշտերը ոչ միայն կծառայեն աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը, այլև հետագայում կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ կդառնան՝ սպորտի և համապատասխան համայնքների զարգացման տեսանկյունից։