Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մտադիր է «Քաղաքացիական հերոսության համար» նախագահական մեդալով պարգևատրել Ցվիկա Մանեսին, Շոթա Մուսաևին, Ասաֆ Ռաջուանին և Յանիվ Խայոնին․ նրանք սեպտեմբերի 30-ին կանխել են էմիրաթական Flydubai ավիաընկերության՝ դեպի Թել Ավիվ թռչող ինքնաթիռի աղետը: Այս մասին հայտնել է Հերցոգի նստավայրը:

«Իսրայելի նախագահը որոշել է քաղաքացիական հերոսության բարձրագույն պարգևի ներկայացնել չորս իսրայելցիների, որոնց շնորհիվ հաջողվել է կանխել Դուբայից մեկնող չվերթի ողբերգությունը: Այս մեդալը ցուցաբերած քաջության համար տրվող Իսրայելի բարձրագույն քաղաքացիական պարգևն է: Այն խորհրդանշում է պետության երախտագիտությունն այն մարդկանց, ովքեր ծանրագույն պահին սեփական կյանքը վտանգելով փրկել են ուրիշներին», — նշված է հայտարարության մեջ:

Նախագահի աշխատակազմից հավելել են, որ պարգևը հիմնադրել է Իցհակ Հերցոգը՝ գնահատելու այն անձանց, ովքեր, սեփական կյանքը վտանգելով ու փոխադարձ աջակցության բարձր գիտակցումով, բացառիկ արիություն են դրսևորել և մարդկային կյանքեր փրկել: «Պարգևատրման որոշումն ընդունվում է յուրաքանչյուր դեպքի առանձին ուսումնասիրությունից հետո՝ նախագահի ձևավորած խորհրդատվական հանձնաժողովի եզրակացության հիման վրա», — պարզաբանել են կառույցից՝ հավելելով, որ վերջին տարիներին այս մեդալին արժանացել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը հետ մղելիս աչքի ընկած իսրայելցիները:

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռից զավթման ազդանշան էր փոխանցվել: Ավելի ուշ օդանավը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում: Ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ բոլոր ուղևորներն անվտանգության մեջ են: Իսրայելական 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի պատճառը երկու օդաչուների միջև ծագած վեճն ու կռիվն է եղել: Ինչպես հայտնել է i24News-ը՝ վկայակոչելով ականատեսներին, օդաչուներից մեկը դանակահարվել է: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչության փորձ: