ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Փիգոթը:

«Նախագահ Թրամփի և պետքարտուղար (Մարկո) Ռուբիոյի պաշտոնավարման ընթացքում Պետդեպարտամենտը ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել», — Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Փիգոթը:

Նա սա անվանել է «պատմական սահմանագիծ», որը խորհրդանշում է ամերիկացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու աշխատակազմի վճռականությունը:

«Վիզաների վերաբերյալ յուրաքանչյուր որոշում ուղղակիորեն կապված է ազգային անվտանգության հետ: Աննախադեպ ծավալների հասնող մշտական ստուգումների շնորհիվ մենք բացահայտում ենք նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել, աջակցում են ահաբեկչությանը, խաբում են ամերիկացիներին կամ չարաշահում մեր ներգաղթային համակարգը», — նշել է Փիգոթը:

Նա վերահաստատել է աշխատակազմի այն մոտեցումը, որ ԱՄՆ վիզան արտոնություն է, այլ ոչ թե իրավունք: Նրա խոսքով՝ «եթե չարաշահում եք այդ արտոնությունը, ապա զրկվում եք դրանից»:

Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտարարել էր Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի մի շարք քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումների մասին․ նրանք կասկածվում են կոռուպցիոն գործունեության կամ թմրանյութերի ապօրինի շրջանառությանն աջակցելու մեջ: