NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ վարքագիծ։
Datalex տեղեկատվական հարթակից NEWS.am–ը տեղեկացավ, որ Զոհրապ Ջաջիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է անձին ստորացնելով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով։
«Զոհրապ Ջ․–ն 2026 թվականի մայիսի 13֊ին՝ ժամը 13:00-ի սահմաններում մուտք գործելով Արարատի մարզի Երասխ համայնքի միջնակարգ դպրոց, անտեսելով հասարակական նշանակության օբյեկտում գտնվելու հանգամանքը, դպրոցի միջանցքում գոռգոռալով մտել է նույն դպրոցի 8-րդ դասարանի դասասենյակում գտնվող Սոֆիկ Ա․–ի նստարանին՝ մեկ անգամ ապտակել է վերջինիս ձախ այտին, որի հետևանքով աղջիկը լացելով դուրսի է եկել դասասենյակից, իսկ նրա հետևից՝ դասարանում գտնվող և հայոց լեզու առարկա դասավանդող ուսուցչուհի Գ․ Գրիգորյանը։ Դպրոցի տնօրեն Մ․Չավուշյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վ․ Զեյնալյանի կողմից Զոհրապին դասասենյակից դուրս հանելուց հետո՝ վերջինս, շարունակելով իր դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր վարքագիծը, շարունակել է գոռգռալ դպրոցի միջանցում, որի հետևանքով տևական ժամանակ՝ շուրջ 30 րոպե, խոչընդոտվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ Արարատի մարզի Երասխ համայնքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում իրականացվող դասապրոցեսը և դպրոցի մյուս աշակերտների և ուսուցիչների բնականոն աշխատանքը»,–նշված է մեղադրական եզրակացության մեջ։
Թե ինչ է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտուհիների միջև նախքան միջադեպը, հայտնի չէ։





























