Չնայած հարկային եկամուտների աճին և աշխատատեղերի ավելացմանը՝ ես բավարարված չեմ երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքներով։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հավաստմամբ՝ 2026 թվականի օգոստոսին Հայաստանում արձանագրվել է եկամուտ ապահովող 830 417 աշխատատեղ, ինչը 307 130-ով ավելի է, քան «նախահեղափոխական» 2017 թվականի օգոստոսին։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է հենց օգոստոսին, մինչդեռ նախորդ տարիներին առավել բարձր ցուցանիշներ նկատվել են տարվա այլ ամիսներին։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա օգոստոսի ցուցանիշը 2025 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 37 320-ով կամ 4,7%-ով։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2017 թվականի օգոստոսի համեմատ աշխատավարձի ընդհանուր ֆոնդն ավելացել է 186 մլրդ դրամով կամ 208%-ով, իսկ միջին աշխատավարձը՝ 161 հազար դրամով կամ 94%-ով։ Նույն ժամանակահատվածում վճարված եկամտային հարկի գումարն ավելացել է 32 մլրդ դրամով կամ 144%-ով։ Թե որքանով են այս տարիների ընթացքում թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները, «թավշյա հեղափոխության» առաջնորդը, ինչպես և սպասվում էր, չհիշատակեց։

«Այս աճն արձանագրվել է այն պայմաններում, երբ 2017 թվականին եկամտային հարկի դրույքաչափերն ավելի բարձր էին։ Իսկ այժմ գործում է միասնական դրույքաչափ»,- հիշեցրեց նա։

Վկայակոչելով բյուջետային մուտքերը՝ վարչապետը հայտարարեց, որ 2026 թվականի առաջին 9 ամիսներին հավաքագրվել է 2 տրլն 308 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Սա 14,7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, և 126 մլրդ դրամով ավելի, քան պետական բյուջեով ինն ամիսների համար սկզբնապես պլանավորված ցուցանիշը։

«Սա լավ ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հարկ վճարողներին և պետական ծառայողներին, ովքեր աջակցել են այս արդյունքի ապահովմանը։

Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը դիմեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ ընդգծելով, որ մուտքերի ավելացումը բավարար հիմք չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքներից բավարարված լինելու համար։

«Մենք հսկայական ստվերային տնտեսություն ունենք։ Ես բավարարված չեմ ստվերային տնտեսության դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- ընդգծեց նա։

Փաշինյանի հավաստմամբ՝ Կառավարությունը շարունակում է քննարկել և ընդունել ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցները։ Նա հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդլայնել մակնշման ենթակա ապրանքների ցանկը՝ դա ներկայացնելով որպես վերոնշյալ պայքարի արդյունավետության բարձրացման քայլ։

Վարչապետը հարկային մուտքերի աճը կապել է նաև տնտեսական ակտիվության հետ։ Նրա խոսքով՝ 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,2%։

Նիկոլ Փաշինյանը հատկապես առանձնացրել է շինարարության աճն ու անշարժ գույքի շուկայում ակտիվությունը։