Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում Երևանը կմիանա Թեհրանի դեմ պատժամիջոցներին:

Հոկտեմբերի 1-ի ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք իրանական ավիաընկերությունները կարող են խնդիրներ ունենալ Հայաստան թռիչքներ իրականացնելիս՝ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների լույսի ներքո, Փաշինյանը հայտարարել է, որ պատժամիջոցների փաթեթն ուսումնասիրվում է:

«Մենք թափանցիկ ենք բոլոր գործընկերների հետ: Հատկապես բարեկամական երկրների պարագայում ասում ենք, որ կանենք առավելագույնը բարեկամ լինելու համար: Բայց կա մի սահման, որն ինքներս չենք կարող անցնել: Դա այն ռիսկի սահմանն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ: Այսինքն՝ քանի դեռ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկ չկա, մենք մնալու ենք բացառապես բարեկամության տրամաբանության մեջ: Բայց եթե տեսնենք, որ ինքներս ենք ընկնում պատժամիջոցների տակ, ի՞նչ արած, պետք է որոշում կայացնենք», — իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է պարզաբանել Փաշինյանը: