Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով, հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան: «Ռուսաստանը չի կարող նվաճողական պատերազմ վարել և ակնկալել, թե մենք կօգնենք նրան շարունակել առևտուրը: Մենք չենք աջակցի նրա պատերազմի ֆինանսավորմանը կամ ագրեսիան շարունակելու գործընթացին», — նախարարի խոսքն է մեջբերում Reuters-ը:

Բալթյան երկրներով հացահատիկի արտահանումը Ռուսաստանի համար դարձել էր այլընտրանքային կարևոր ուղիներից մեկը այն բանից հետո, երբ նավերին և հացահատիկային տերմինալներին հասցված ուկրաինական հարվածները խաթարեցին Ազովի և Սև ծովերով իրականացվող մատակարարումները: «ՍովԷկոն»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սիզովն իր թարմ զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերի արդյունքներով Բալթյան երկրների նավահանգիստներով բեռնաթափումները կավելանան 60%-ով՝ օգոստոսի 0.25 մլն տոննայից հասնելով 0.4 մլն տոննայի:

Ռուսական մատակարարումները դադարեցնելու մտադրության մասին հայտարարել էր նաև Լատվիան: Կառավարությունը ծրագրում է 300% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող հացահատիկի համար, հայտնել էր վարչապետ Անդրիս Կուլբերգսը: Փոփոխությունները դեռ պետք է արժանանան Սեյմի հավանությանը, սակայն այժմ երկրում ընտրություններ են ընթանում (քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, և ակնկալվում է, որ Կուլբերգսի գլխավորած կոալիցիան կզբաղեցնի առաջին տեղը): Ռիգան միասնական դիրքորոշում էր համաձայնեցնում նաև Տալլինի և Վիլնյուսի հետ: