Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի նոր ԱԷԿ-ի հարցում:

Հոկտեմբերի 1-ի ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը, պատասխանելով «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման և նոր ԱԷԿ-ի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին հարցին, հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանն ուներ էլեկտրաէներգիայի հավելուրդ, իսկ այժմ դեֆիցիտ է զգում: Ստեղծված իրավիճակը նա կապել է անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված մտադրությունների հուշագրի և արհեստական բանականության երկու գործարանների հիմնման հետ: «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի պակասուրդ ունի: Մենք պետք է մտածենք անելիքների մասին, մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման և սեփական աղբյուրների գեներացման մասին: Նախկինում ես ասում էի, որ մեզ մոդուլային ԱԷԿ-ից ավելին պետք չէ: Բայց հիմա պետք է հասկանանք [թե ինչ հզորության կայան է անհրաժեշտ], որովհետև մոդուլայինը մեզ չի հերիքի: Պետք է նայենք, թե ինչ է լինելու 10 տարի անց», — հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը չի բացառել, որ խոսքը կարող է վերաբերել 1000 ՄՎտ հզորությամբ կայանին: «Առայժմ ասել չեմ կարող, հարցն ուսումնասիրում են փորձագետները: Որքան շուտ որոշում կայացնենք, այնքան լավ», — նկատել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կայանը շահագործման հանձնելու համար մի քանի տարի է պահանջվում: