Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա առիթով․
«Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ կարևոր առիթ է ընդգծելու մի պարզ և հիմնարար գաղափար․ արժանապատիվ ծերությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, իսկ դրա ապահովումը՝ մարդակենտրոն պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։
Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է ունենա իր ներուժն իրացնելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, առողջ և ակտիվ կենսակերպ վարելու հնարավորություն․ հենց այս մոտեցումն է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների և ծրագրերի հիմքում։ Այս նպատակով իրականացվում են համալիր ծրագրեր՝ ուղղված ավագ սերնդի ներկայացուցիչների առողջության պահպանմանը, ակտիվ ծերացմանը, կյանքի որակի բարելավմանը, համայնքային կյանքում մասնակցության խթանմանը։
Միաժամանակ, շարունակվում են բարեփոխումները տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայությունների ոլորտում, այդ թվում՝ թվայնացման, չափորոշիչների բարելավման, ինչպես նաև համայնքահենք և այլընտրանքային ծառայությունների զարգացման ու ընդլայնման ուղղություններով։
Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն»,- նշված է ուղերձում։





























