Ֆրանսիայում դպրոցականների և ուսանողների շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն միջգերատեսչական ճգնաժամային նիստ կհրավիրի, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցելու են ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, բարձրագույն կրթության նախարար Ֆիլիպ Բատիստը և արդարադատության նախարար Ժերալդ Դարմանանը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավագ դպրոցականներն այսօր ևս շարունակում են փակ պահել դպրոցները, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է անկարգությունների ու հրդեհումների։

Հաղորդվում է, որ միայն Փարիզում առնվազն 27 ավագ դպրոցի աշխատանք է խաթարվել։ Լարվածությունը մեծանում է նաև մայրաքաղաքի արվարձաններում, որտեղ դպրոցներից մեկի դարպասների մոտ աղբաման են հրդեհել։

Նանտ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ Փոխտնօրենի խոսքով՝ տեղի է ունեցել միտումնավոր հրկիզում, որը տարածվել է շենքի ճակատային մասով։ Այս պահին հրդեհը հաջողվել է մարել։

Բողոքի ալիքին միացել են նաև ուսանողները՝ բլոկադայի ենթարկելով բուհերի աշխատանքը։

Ուսանողական միության տվյալներով՝ բարձրագույն կրթության ոլորտում լիովին արգելափակվել է առնվազն 26 համալսարան։ Բողոքի ակցիաներ են ընթանում Ստրասբուրգի համալսարանի կենտրոնական մասնաշենքում, Լիոնի մի քանի մասնաշենքերում, ինչպես նաև Էքս-Մարսելի (Լա-Կանբիեր), Պուատիեի և Մոնպելիեի Պոլ-Վալերիի համալսարաններում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում կրթական ոլորտի աշխատակիցների և ավագ դպրոցականների բողոքի ակցիաների ու անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 200 մարդ։ Չորեքշաբթի երեկոյան Նունյեսը հայտարարել էր դպրոցների շրջափակման ընթացքում 625 անձի ձերբակալության մասին։ Բացի այդ, 356 դպրոց ընդգրկած ցույցերի ընթացքում տուժել է ոստիկանության և ժանդարմերիայի 83 աշխատակից։