Ռուսական հոսթինգ-պրովայդերներին կարող են մեկ տարով արգելել սերվերներ տրամադրել VPN և պրոքսի ծառայությունների սեփականատերերին, եթե վերջիններս հայտնվեն «Ռոսկոմնադզոր»-ի հատուկ ռեգիստրում, գրում է «Կոմերսանտը»: Հոսթերները նաև պարտավոր կլինեն պարզել հաճախորդների ինքնությունը և ճշտել, թե ինչի համար են նրանց անհրաժեշտ սերվերները: Սահմանափակումները կտարածվեն թե՛ ֆիզիկական, թե՛ վիրտուալ սերվերների վրա: Այս միջոցառումները ներառվել են կիբեռխարդախության դեմ պայքարի՝ Թվային զարգացման նախարարության «Անտիֆրոդ 3.0» փոփոխությունների երրորդ փաթեթում: Այն հրապարակվել է սեպտեմբերի 30-ին կայացած հանրային քննարկման համար:

SecurityLab-ում նշում են, որ ռեգիստրում կհայտնվեն այն ծառայությունները, որոնք չեն կատարի «Ռոսկոմնադզոր»-ի պահանջները: «Նախագիծն ընդգրկում է կայքերի, ցանցերի, տեղեկատվական համակարգերի և ծրագրերի սեփականատերերին, որոնց միջոցով ապահովվում է Ռուսաստանում արգելափակված ռեսուրսների հասանելիությունը, եթե սեփականատերը չի կատարել «Տեղեկատվության մասին» օրենքի 15.8-րդ հոդվածի պահանջները»,- պարզաբանում են փորձագետները: Ռուսական մի պրովայդերից մյուսին անցնել չի ստացվի, քանի որ յուրաքանչյուր հոսթեր պարտավոր կլինի ստուգել հաճախորդին՝ ըստ ռեգիստրի:

Բացի այդ, ուժային կառույցների կամ կրիտիկական ենթակառուցվածքների կազմակերպությունների պահանջով պրովայդերներին կպարտավորեցնեն դադարեցնել հաճախորդի սպասարկումը, եթե դա անհրաժեշտ լինի կիբեռհարձակմանը հակազդելու համար:

Փոփոխությունների նոր փաթեթը նախապատրաստվում է VPN-ների արգելափակման հերթական ալիքի ֆոնին: Պետդումայի ընտրությունների ավարտից հետո առնվազն 10 ռուսական VPN ծառայություն բախվել է սահմանափակումների: Մեկ շաբաթվա ընթացքում յոթ պրովայդեր զգուշացրել է օգտատերերին խափանումների մասին: «Ամեն օր սահմանափակումների տակ է ընկնում մեր միանգամից մի քանի սերվեր»,- հայտնել է ծառայություններից մեկը: Մեկ այլ նախագծի թիմ հայտարարել է, որ «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է իրենց բոլոր արտասահմանյան կետերը:

«Ստախանովեց» ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Շչերբակովը նշել է, որ VPN-ների աշխատանքի ամառային կայունությունը ժամանակավոր էր: «Օպերատորները բավականաչափ վիճակագրություն են կուտակել, որպեսզի համատարած արգելափակումներից անցնեն որակի թիրախային տապալմանը»,- ենթադրել է նա: