Սույն թվականի սեպտեմբերի 26 ին և 27-ին Իտալիայի Թուրին քաքաղում տեղի ունեցավ Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը` գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։

Այդ պատմական, հոգևոր, մշակութային և քաղաքական հույժ մեծարժեք արարողությանը առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաև հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Սավոյական Արքայական Տան Սուրբ Մաուրիցիոսի և Սուրբ Ղազարի Օրդենի Ասպետ, Սուրբ Աթոռի Կանոնական իրավունքի դոկտոր Ռուբեն Ղազարյանի։ Վեհաշուք արարողությամբ սկիզբ դրվեց Սավոյական Արքայական տան հետ հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալիզացման գործընթացին։
Դոկտոր Ղազարյանը՝ Սուրբ Աթոռի և Իտալիայի Հանրապետության բարձրակարգ ու արհեստավարժ գիտնական-մասնագետների խմբի հետ համագործակցությամբ, ուսումնասիրում է Վատիկանի Առաքելական (Գաղտնի) և եվրոպական այլ կարևոր արխիվներում պահպանվող պատմական հույժ արժեքավոր, մեծ մասամբ դեռևս չհետազոտված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց պետականության տարբեր շրջաններին, մասնավորապես՝ Կիլիկիայի Հայոց Թագավորությանը։ Այդ գիտահետազոտական աշխատանքներն ու բացահայտումները նոր լույս են սփռելու հայկական ինքնությանն ու պետականությանն առնչվող պատմական, պետական և եկեղեցական դիվանագիտության, ինչպես նաև բազմադարյա մշակութային իրողությունների վրա։

Պատմական ակնարկ
1198թ-ին Հռոմեական Սրբազան Կայսրության Կայսր Հենրիխ VI-ի և Հռոմի Պապ Իննոկենտիոս III ի կողմից Կիլիկիայի Հայոց Իշխանապետության Լևոն Բ Իշխանին է շնորհվել Ամենայն Հայոց Թագավորի տիտղոսը; Նրա, որպես թագավորի օծման արարողությունը տեղի է ունեցել Կիլիկիայի Հայոց Թագավորության Տարսոն Քաղաքի Սուրբ Սոֆյա տաճարում 1198 թ. Հունվարի 6 ին, Աստվածահայտնության օրը։
1485թ-ի փետրվարի 25-ին Հայոց Թագավորական՝ «Rex Omnium Armenorum» տիտղոսը Վատիկանում, Իննոկենտիոս VIII Պապի միջնորդությամբ և կարդինալական նոտարների վավերացմամբ, Կիպրոսի Լուզինյան արքայատոհմից անցել է Սավոյական արքայական տանը՝ Կառլոս Մեծ Սավոյացուն։ Տիտղոսի փոխանցման վկայականը պահպանվում է Իտալիայի Հանրապետության պետական արխիվներում։
Սավոյի արքայատոհմը հիմնադրվել է 1003թ-ին և հանդիսանում է Եվրոպայի հնագույն միապետություններից մեկը: Սավոյաների իշխանության օրոք տեղի է ունեցել Իտալիայի միավորումը 1861թ-ին: Արքայական ընտանիքի միայն Թուրին քաղաքում գտնվող 22 պալատները ընդգրկված են Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ակնառու արժեքների մեջ:




























