Հիմալայների Հիմլունգ-Հիմալ գագաթի շրջանում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Հոկտեմբերի 1-ին այս մասին հայտնել է The Himalayan Times թերթը։
«Մանանգում գտնվող Հիմլունգ-Հիմալի բազային ճամբարում հայտնաբերվել է ևս 4 դի։ Այսպիսով, օրվա ընթացքում գտնվածների թիվը հասել է 8-ի, իսկ ընդհանուր զոհերինը՝ 15-ի։ Մեկ մարդ դեռ որոնվում է»,- նշված է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ ձնահոսքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին՝ ծովի մակերևույթից շուրջ 4900 մետր բարձրության վրա տեղակայված բազային ճամբարի վրա։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են ձյան անկայուն շերտը և անանցանելի տեղանքը։ Բացի այդ, ողբերգության հավանական պատճառներից են նշվում Բենգալյան ծոցում ձևավորված ցիկլոնով պայմանավորված եղանակային անոմալ պայմանները։
Միջազգային լեռնային ուղեկցորդների ասոցիացիաների ֆեդերացիայի լեռնային ուղեկցորդ, փրկարարական խմբի ղեկավար Պասանգ Կաջի Շերպան հայտնել է, որ որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է ծայրաստիճան բարդ պայմաններում։





























