Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայի նոր կառավարության և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչները Թուրքիայում անցկացրել են առաջին հայտնի դեմ առ դեմ բանակցությունները։ Կողմերը փորձել են մեղմել լարվածությունն ու քննարկել անվտանգությանն առնչվող փոխադարձ հարցերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով վեց աղբյուրի։

Թուրքական հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ կայացած գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել նախորդ ամիս՝ առնվազն մեկ անգամ։ Դրան մասնակցել են «Հըզբոլլահի», ինչպես նաև Սիրիայի հետախուզության և ԱԳՆ ներկայացուցիչները։

2024 թվականի վերջին Ասադի վարչակարգի տապալումից հետո շարժման և Սիրիայի նոր իշխանությունների հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Դամասկոսը «Հըզբոլլահին» մեղադրում է Սիրիայի տարածքով զենք տեղափոխելու համար։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները հաջող են անցել։ Սիրիական կողմը վստահեցրել է, որ «Հըզբոլլահին» թշնամի չի համարում և չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Լիբանանում՝ շարժումը զինաթափելու նպատակով։

Դամասկոսն իր հերթին պահանջել է դադարեցնել Սիրիայի սահմանով զենքի մաքսանենգության փորձերն ու վերացնել երկրի տարածքում՝ հատկապես հարավային շրջաններում, մնացած ընդհատակյա բջիջները։

Գործակալությունը գրում է, որ «Հըզբոլլահի» ներկայացուցիչներն այս պահանջներին հստակ պատասխան չեն տվել, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի ներքին գործերին։ Շարժումը նաև հայտարարել է, թե Սիրիայի տարածքում ընդհանրապես ներկայացված չէ և որևէ ռազմական կամ ուժային գործունեություն այնտեղ չի ծավալում։

Ընդ որում, կողմերը վերջնական համաձայնության չեն հասել։ Լիբանանյան աղբյուրներից մեկի համաձայն՝ Թուրքիայի միջնորդությամբ Դամասկոսի և «Հըզբոլլահի» միջև շփումները սկսվել են մոտ երկու ամիս առաջ։ Թեմայի զգայունությամբ պայմանավորված՝ Reuters-ի զրուցակիցները գերադասել են անանուն մնալ։