ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրի հետ զրույցում նշել է, որ Իրանի դեմ պատերազմն արդեն յոթերորդ ամիսն է ձգձգվում ոչ թե Վաշինգտոնի ծրագրերի ձախողման, այլ ռազմական գործողությունները շարունակելու իր անձնական որոշման պատճառով։
Մեկնաբանելով, թե ինչու է հակամարտությունը ձգվում նախապես խոստացված 4-8 շաբաթից ավելի՝ Թրամփն ասել է. «Կարող էի կանգ առնել, բայց որոշեցի առաջ գնալ»։ Նրա խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված առաջին հարվածներից հետո որոշել է շարունակել գործողությունը, որպեսզի Թեհրանը չկարողանա հետագայում վերականգնել իր ռազմական ներուժը։
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն հիմնովին ոչնչացրել է Իրանի միջուկային կարողությունները, ռազմածովային ու ռազմաօդային ուժերն ու ռադիոլոկացիոն համակարգերը, իսկ իրանական տնտեսությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ նպատակը լոկ կրակը դադարեցնելը չէ, այլ «իրական համաձայնագրի» հասնելը։ Հենց այս պատճառով է Վաշինգտոնը մերժել հրադադարի և Հորմուզի նեղուցը բացելու Թեհրանի վերջին առաջարկը՝ այն համարելով անբավարար։
Անդրադառնալով Իրանի հնարավոր «կործանման» մասին իր հայտարարությանը՝ Թրամփը վերահաստատել է. «Այո՛, ես դա կանեի։ Դա հնարավոր է»։
Դիտարկմանը, թե արդյոք նա նկատի ունի Իսլամական Հանրապետության իշխանությո՞ւնը, թե՞ ամբողջ երկիրը, ԱՄՆ նախագահը հստակ պատասխան չի տվել՝ հայտարարելով, թե իբր իրանական իշխանություններն են տասնյակ հազարավոր ցուցարարներ սպանել։
Թրամփը չի բացառել նաև ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո ռմբակոծությունների ինտենսիվացումը։ Հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է նման սցենար, նա կարճ պատասխանել է. «Հնարավոր է»։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն ունեն սպառազինության հսկայական պաշարներ, որոնք ակտիվորեն համալրվել են վերջին վեց ամսում։





























