Զիմբաբվեի հայտնի գործարար Ուիկնել Չիվայոն և նրա կինը՝ Լյուսի Մուտեքեն, զոհվել են երկրի կենտրոնական հատվածում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Ուղղաթիռում ընդհանուր առմամբ եղել է վեց մարդ, և նրանցից ոչ ոք չի փրկվել, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ուղղաթիռը կործանվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 17:00-ին, Մարոդերա շրջանում՝ մայրաքաղաք Հարառեից մոտ 70 կիլոմետր դեպի արևելք։ Իշխանությունների տվյալներով՝ ուղղաթիռում եղել են երկու օդաչու և չորս ուղևոր։

Չիվայոյի ընտանիքը հաստատել է 43-ամյա գործարարի և նրա կնոջ մահը։ Պետական ZBC հեռուստաալիքի տվյալներով՝ ամուսինները վերադառնում էին Չիկոմբրայից, որտեղ կառուցում էին ամառանոց։ Ուղղաթիռը կործանվել է թռիչքից մոտ 40 րոպե անց։

Աղետի պատճառը դեռևս անհայտ է։ Հաջորդ օրը դեպքի վայր են ժամանել ավիացիոն իշխանությունների մասնագետները և սկսել հետաքննությունը։ Նրանց հաջողվել է հայտնաբերել թռիչքային ինքնագրիչը։ Նախնական տվյալներով՝ հարվածի պահին տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել։

Չիվայոն Զիմբաբվեի ամենահայտնի գործարարներից մեկն էր։ Նա ղեկավարում էր Intratrek Zimbabwe շինարարական ընկերությունը և հայտնի էր դարձել խոշոր պետական պայմանագրերի, բարեգործության և ցուցադրական շքեղ կենսակերպի շնորհիվ։ Սոցիալական ցանցերում նա հաճախ հրապարակում էր թանկարժեք ավտոմեքենաների լուսանկարներ և պատմում երաժիշտներին, կրոնական գործիչներին ու այլ հանրային դեմքերին տված նվերների մասին։

Նրա ընկերության խոշորագույն նախագծերից մեկը 172 միլիոն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայանի կառուցումն էր։ Այդ պայմանագիրը դարձել էր երկարամյա դատական վեճերի առարկա։ Չիվայոն նաև բախվել էր այլ պետական պայմանագրերի հետ կապված մեղադրանքների, սակայն որոշ հետաքննություններ նրա առնչության ապացույցներ խախտումներին չեն հայտնաբերել։

Գործարարը, որին հաճախ անվանում էին «սըր Ուիկնել», կապեր էր պահպանում աֆրիկացի մի շարք քաղաքական գործիչների հետ։ Նրա մահից հետո ցավակցություններ են հայտնել, մասնավորապես, Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան և Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն։