ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զղջում է Գերագույն դատարանի երեք դատավորների՝ Նիլ Գորսաչի, Էմի Քոնի Բարեթի և Բրեթ Քավանոյի նշանակման համար։
Երեքին էլ առաջադրել է Թրամփը նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում, սակայն մի շարք վերջին գործերով քվեարկել են վարչակազմի դիրքորոշմանը հակառակ։
«Այո։ Այո»,- պատասխանել է Թրամփը Time հանդեսի այն հարցին, թե արդյոք զղջում է այս նշանակումների համար։ «Ի՞նչ կարող եմ անել։ Ես նրանց նշանակել եմ։ Նրանք չափազանց հաճախ են քվեարկել իմ դեմ։ Ես շատ [շռայլ] եմ եղել, նրանց ցմահ պաշտոն եմ տվել, իսկ նրանք հաճախ քվեարկում են իմ դեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի առաջին ժամկետում կատարած նշանակումների արդյունքում Գերագույն դատարանում ձևավորվել է պահպանողական մեծամասնություն՝ վեց դատավոր երեք լիբերալի դիմաց։
Լրագրողը ճշտել է՝ արդյոք դա նշանակում է, որ Թրամփը դատավորներից հավատարմություն է ակնկալում։ «Ոչ, ես հավատարմություն չեմ ուզում։ Ես լավ որոշումներ եմ ուզում»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր այդ երեք դատավորներին Գերագույն դատարանի՝ իր դիրքորոշմանը չհամապատասխանող որոշումներից հետո։ Մասնավորապես, ԱՄՆ փոստային ծառայության կանոնների վերաբերյալ որոշումից հետո, որը կապված էր Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններում փոստային քվեաթերթիկների օգտագործման հետ, նա հայտարարել էր, որ իր նշանակած դատավորներն այնպիսին չեն, ինչպիսին եղել էին հարցազրույցների ժամանակ։
«Սրանք այն մարդիկ չեն, որոնց հետ ես հարցազրույց եմ անցկացրել Գերագույն դատարանում աշխատանքի համար»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում՝ նրանց անվանելով նախկին մարդկանց «միայն պատյան»։
Նախագահը հատկապես կտրուկ է արձագանքել Նիլ Գորսաչին և Էմի Քոնի Բարեթին, որոնք ընդգրկվել էին մեծամասնության կազմում՝ իր վարչակազմի դիրքորոշմանը հակասող որոշումներից մեկի ընդունման ժամանակ։
Միևնույն ժամանակ, դատական որոշումները դատավորներն ընդունում են անկախ այն նախագահից, որը նրանց նշանակել է։





























