ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է ամերիկյան զինված ուժերի լայնածավալ վերակառուցման մասին, որը ներառում է գեներալների և ծովակալների թվի 20%-ով կրճատում և նոր հրամանատարության ստեղծում, որը պատասխանատու կլինի անօդաչու և ինքնավար համակարգերի համար, հայտնում է Associated Press-ը։

Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Քուանտիկոյում տեղակայված Ծովային հետևակի կորպուսի բազայում՝ Հեգսեթը հայտարարել է, որ նոր չորսաստղանի մարմինը՝ Autonomous Warfare Command-ը, կհամակարգի ռոբոտացված և ինքնավար տեխնոլոգիաների զարգացումը զինված ուժերի բոլոր տեսակներում։ Ըստ նրա՝ պատերազմի բնույթի փոփոխության տեմպերն առաջ են անցնում դրանց հարմարվելու բանակի հնարավորություններից։ Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ուկրաինայում և Իրանի դեմ պատերազմում անօդաչու սարքերի կիրառման փորձը։

Հեգսեթը կարգադրել է նաև բարձրագույն սպայական կազմի կրճատումը հասցնել 20%-ի։ Ավելի վաղ գեներալների և ծովակալների ևս 10%-ը կրճատվել էր կամ չէր ստացել առաջխաղացում։ Նախարարը նոր միջոցն անվանել է «պատասխանատվություն» և վաղուց հասունացած որոշում։ Որոշ օրենսդիրներ, ընդհակառակը, քննադատել են այն՝ հայտարարելով, որ կրճատումը կարող է հանգեցնել փորձառու զինվորական ղեկավարների կորստի։

Բացի դրանից, Պենտագոնը սկսում է պատերազմի ապագայի վերաբերյալ 120-օրյա ուսումնասիրություն։ Դրան կմասնակցեն SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը և Anduril Industries-ի համահիմնադիր Փալմեր Լաքին։ Ուսումնասիրությունը պետք է որոշի, թե ապագայում ինչ տեխնոլոգիաներ և սպառազինության տեսակներ կպահանջվեն ամերիկյան զորքերին։

Հեգսեթը հայտարարել է նաև կրոնական հարցերով վարչության ստեղծման, ռազմական բազաների էներգետիկ ինքնավարության բարձրացման ծրագրի և նոր ռազմական բազայի կառուցման մասին․ սա ԱՄՆ-ում գրեթե 40 տարվա ընթացքում առաջին նոր բազան կլինի։ Այն կկարողանա տեղավորել մինչև 25 հազար զինծառայող։