ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանը ոչնչացնելու վերաբերյալ իր հայտարարությունը պարզաբանել է նրանով, որ Միացյալ Նահանգների քայլերն արդեն իսկ թույլ են տվել խաղաղություն հաստատել։ Time ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե երկարատև խաղաղությունն անհնար է համարում ներկայիս Իրանի գոյության պայմաններում։

«Ինչպե՞ս կարող է «խաղաղության նախագահը» կոչ անել ոչնչացնել ամբողջ ժողովրդի»,- հարցրել է լրագրողը։

«Որովհետև ոչնչացնելով Իրանը՝ մենք համաշխարհային խաղաղություն հաստատեցինք։ Իրանի առկայությամբ, չեմ կարծում, թե ընդհանրապես խաղաղություն լիներ»,- պատասխանել է Թրամփը։

Լրագրողը ճշտել է՝ արդյոք խոսքը հենց Իսլամական Հանրապետության կառավարության ոչնչացման մասին է, թե նախագահը նկատի ունի իրանցի ժողովրդին առհասարակ, և հետաքրքրվել է խաղաղ բնակիչների ճակատագրով։

Ի պատասխան՝ Թրամփը վկայակոչել է ցուցարարների դեմ իրանական իշխանությունների գործողությունները։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թեհրանը 72-ից 75 հազար մարդ է սպանել։

«Նրանք 75 հազար մարդ են սպանել։ Սա անհավանական է, իսկական արյունահեղություն է»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ զոհվածների թվում եղել են ինչպես ցուցարարներ, այնպես էլ այլ խաղաղ բնակիչներ։

Իշխանությունների դեմ զանգվածային ապստամբության բացակայությունը Թրամփը բացատրել է բնակչության շրջանում հաշվեհարդարի նկատմամբ ունեցած վախով։ Նա նշել է, թե երբ մարդիկ փողոց են դուրս գալիս, իշխանությունները, իբր, կրակ են բացում նրանց վրա։ ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ որոշ դեպքերում զոհվում են հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ, իսկ ցուցարարների դեմ դիպուկահարներ են կիրառվում։

Որպես օրինակ՝ Թրամփը հիշատակել է կանանց մասնակցությամբ բողոքի ակցիաները։ Նա հայտարարել է, թե «այն բանից հետո, երբ դիպուկահարները սպանեցին մի քանի մասնակցի, մյուսները, տեսնելով տեղի ունեցածը, «սկսեցին փախչել որքան ուժ ունեին»»։