Հայաստանում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացումը կարող է հանգեցնել երկրում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և հետախուզական ենթակառուցվածքների հայտնվելուն։ Այս մասին «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նախագծի իրականացմանը մասնակցող ամերիկա-հայկական ընկերությանը փոխանցել երթուղու ողջ երկայնքով անվտանգության ապահովման գործառույթները, մինչդեռ հայկական կողմը կպահպանի սահմանային և մաքսային վերահսկողությունը։
«Իրականում դա կարող է հանգեցնել նրան, որ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները «մուտք գործեն» Հայաստան, իսկ Իրանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղակայվեն ամերիկյան հետախուզական ու, թերևս, այլ ենթակառուցվածքներ», — ասել է Շևցովը, որի խոսքերը մեջբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ նման իրավիճակը կարող է հարցականի տակ դնել բուն երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը։
Շևցովի խոսքով՝ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի իրագործման հետ կապված վեճերը լուծվելու են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, իսկ կապալառու ընկերությանը տրամադրվելու են հողօգտագործման բացառիկ իրավունքներ։
«Սա ենթադրում է, որ ամերիկացիները կկարողանան «զտել» իրենց վերահսկողության տակ գտնվող երթուղու հատվածով անցնող բեռները», — պնդում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Շևցովն իր մտահոգությունները կապել է նաև ԱՄՆ-ի ընթացիկ քաղաքականության և Հորմուզի նեղուցի շուրջ վերջինիս գործողությունների հետ։
«Ըստ այդմ՝ հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» նրանց վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը բավականին կասկածելի է թվում», — ասել է նա։




























