Մենք տարիներ շարունակ, տևական ժամանակ ծանր պայքարի ճանապարհ ենք անցել, այստեղ նստածներից մի մասը անցել է ձերբակալությունների, կալանքների, բանտարկությունների քաղաքական հետապնդումների միջով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Արտաշատ քաղաքում նախընտրական քարոզարշավի մեկնարկային հավաքում նշեց Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու Գերասիմ Վարդանյանը։

«Այստեղ Արտաշատ խոշորացված համայնքի այն կորիզն է, այն դիմադրող ընդդիմադիր հատվածն է, որ տարիներ շարունակ չհանձնվելով, չկոտրվելով, պայքարել է Արցախի համար, ազգային արժեքների համար, պայքարել է ընդդեմ պարտվողականության, հանձնվողականության, ընդդեմ թշնամու կամքին հանձնվելու այս քաղաքականության։ Այդ ճանապարհին ձեզանից ոչ ոք չի կոտրվել, չի հանձնվել։ Սա պայքարի հերթական հանգրվանն է, հերթական ճակատը, և այս փուլում մենք չենք կարող ձեռնպահ մնալ և այս իշխանությունների դեմ մեր քաղաքական այլընտրանքը որպես տարածքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ չառաջարկեինք։

Արտաշատում ընտրությունը բարդ չէ. կա երկու ուժ հիմնականում՝ ՔՊ, որի վարած քաղաքականությունը մեզ համար անընդունելի է, և կա ընդդիմադիր գլխավոր ուժ՝ ՀՅԴ–ն։ Ընտրությունը Նիկոլի և հականիկոլ ընտրազանգվածի մեջ է: Ընտրում են Տիգրանաշենի և Քյարքիի միջև: Ընտրում են Արտաշատի և Ղամարլուի միջև։ Մենք որոշել ենք կարգախոս՝ «Ընտրիր ընկերոջդ»։ Դրա համար ընտրությունը մեր քաղաքացիների համար իրենց ընկերոջ և հակառակ կողմում ՔՊ–ի և Նիկոլի մեջ է»,– հայտարարեց Գերասիմ Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ տրամաբանություն և իմաստ չեն տեսնում մրցակցության մեջ մտնել ՔՊ–ի թեկնածուի հետ. «Ընդամենը օրվա իշխանությունների քաղաքական շահերն են սպասարկում, անձնական ոչինչ չկա թեկնածուի հետ, չենք էլ ճանաչում։

Մենք առաջարկում ենք մեր քաղաքացիներին դեմ գնալ այս պարտվողական, հանձնվողական, թշնամու առջև ծնկած, հանձնված վիճակում լինելու այս քաղաքականության և քվեարկել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։

Մենք այստեղից կմեկնարկենք մերքարոզարշավը, մենք քվեաթերթիկում համար 10 ենք, ցուցակը գլխավորելու եմ ես։ Ցուցակի երկրորդ համարը ավագանու գործող անդամ Արտավազդ Մարգարյանն է, իսկ երրորդ համարը՝ էլի ավագանու անդամ Անի Ազատյանն է։

Հիմա մենք հավակնում ենք մաքսիմալ ընդդիմադիր զանգվածի մոբիլիզացում, մաքսիմալ ընդվզում այս իշխանությունների դեմ և դիմադրության օջախը վառ պահելու հնարավորություն, որպեսզի վաղը Տիգրանաշենը Քյարքի դարձնելու քաղաքականությունը կարողանանք ձախողել։

Մտնում ենք պայքարի մեջ, միասնական, միասին գնալու ենք, թե ինձ, թե մեր թեկնածուներից շատերին սպառնացել են ձերբակալություններով, բանտարկություններով, աշխատանքից ազատելով, հազարումի սպառնալիքներով։

Տղա եք, կալանավորեք, այստեղ ոչ բանտերից վախեցող կա, ոչ դատարաններից, ոչ էլ դրանով մեզ այս պայքարից հետ կանգնեցնող կա, մենք մի քանի անգամ անցել ենք այդ ճանապարհով։ Մեզ ֆիզիկապես կարող են բանտարկել, բայց մեր սկզբունքները, նպատակները, պայքարի մեր մղումները բանտարկել, կարանավորել հնարավոր չէ»,– հայտարարեց Վարդանյանը։

Հավաքից հետո ներկաները միասնական քայլերթով անցել են ԱՐտաշատի փողոցներով, հանդիպել քաղաքացիներին։