Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն նախարարներին խնդրել է չեղարկել կամ հետաձգել առաջիկա օրերի համար նախատեսված պաշտոնական ուղևորությունները՝ դպրոցականների և ուսանողների բողոքների ընդլայնման ֆոնին, հայտնում է Le Figaro-ն։
Լըկոռնյուն որոշումը բացատրել է նրանով, որ անհրաժեշտ է պրեֆեկտուրաներին հնարավորություն տալ ուժերը կենտրոնացնել դպրոցների և համալսարանների շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
«Հաշվի առնելով լիցեյների և համալսարանների մերձակայքում մոբիլիզացիայի զարգացումը՝ անհրաժեշտ է չեղարկել կամ ավելի ուշ ժամկետի տեղափոխել այս շաբաթվա և հաջորդի սկզբի համար նախատեսված ձեր պաշտոնական ուղևորությունները, որպեսզի պրեֆեկտուրաները կարողանան իրենց ռեսուրսները կենտրոնացնել իրավիճակի կառավարման վրա»,- գրել է վարչապետը կառավարության անդամներին։
Ֆրանսիացի դպրոցականների բողոքները վերջին օրերին տարածվել են հարյուրավոր ուսումնական հաստատությունների վրա և որոշ վայրերում ուղեկցվել բախումներով ու հրկիզումներով։ Իշխանությունները հայտնել են բազմաթիվ ձերբակալությունների և տուժածների մասին։
Իրավիճակի սրման ֆոնին Լըկոռնյուն ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել։





























