Ջրի ցածր մակարդակը ստիպել է դադարեցնել լաստանավային հաղորդակցությունը Գերմանիայի Բոդենյան լճի մի հատվածում։ Տարածաշրջանում նավագնացության օպերատոր Bodensee-Schiffsbetriebe (BSB) ընկերությունը մինչև հետագա ծանուցում դադարեցրել է երթերը Ունտերզեե լճում, հայտնում է DW-ն:

«Մենք լաստանավային հաղորդակցությունը պահպանում էինք բառացիորեն մինչև վերջին սանտիմետրը։ Այժմ հասել ենք այն կետին, երբ նավահանգիստ մտնելիս խրվելու ռիսկը չափազանց մեծացել է»,- հայտարարել է BSB-ի ղեկավար Ֆրանկ Վեբերը։

Ըստ ընկերության՝ կանգառը անհրաժեշտ է ուղևորների անվտանգության և նավերի պաշտպանության համար։

Բոդենյան լիճը, որը Գերմանիայում հայտնի է որպես Բոդենզեե, գտնվում է Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանին։ Այժմ ջրի մակարդակը կազմում է 251 սանտիմետր՝ տարվա այս ժամանակահատվածի համար հաշվարկված միջին ցուցանիշից 108 սանտիմետրով ցածր՝ հիմնված բազմամյա դիտարկումների վրա։

Երկարատև չոր եղանակն արդեն հանգեցրել է Գերմանիայի այլ ջրային ուղիներում նավագնացության խափանումների։ Զբոսաշրջային և բեռնատար նավերը ստիպված են կրճատել երթերի թիվը կամ ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը։

Ջրի ցածր մակարդակից առանձնապես խիստ տուժել է Հռեյնով բեռնափոխադրող նավագնացությունը։ Փոխադրումների ծավալների նվազումը խնդիրներ է ստեղծում այն ձեռնարկությունների համար, որոնք կախված են գետային ճանապարհով հումքի մատակարարումներից։