Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է անկախ հետաքննական Matsaddash պարբերականի վեց լրագրողի՝ նրանց մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ ի շահ արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման։ Լրագրողները հերքում են կազմակերպության հետ կապը, հայտնում է Reuters-ը։
Եգիպտոսի անձնական իրավունքների նախաձեռնության (EIPR) տվյալներով՝ ձերբակալվածները կազմում են 2018 թվականից գործող Matsaddash թվային հարթակի ամբողջ խմբագրակազմը։ Սեպտեմբերի վերջին քաղաքացիական հագուստով անվտանգության ուժերի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել լրագրողների տներում և առգրավել նրանց հեռախոսներն ու համակարգիչները։
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կայքը կառավարվում է արտասահմանից և «Մահմեդական եղբայրների» մեդիա համակարգի մի մասն է՝ գործելով երկրի ներսում շարժման կողմնակիցների աջակցությամբ։
Matsaddash-ը մերժել է այս մեղադրանքները։ Խմբագրակազմը հայտարարել է, որ, հակառակը, հրապարակել է նյութեր, որոնք հերքում էին «Մահմեդական եղբայրներ»-ին առնչվող լրատվամիջոցների տարածած տեղեկությունները։
«Մահմեդական եղբայրները» (Muslim Brotherhood) Եգիպտոսում արգելվել և ահաբեկչական կազմակերպություն են հայտարարվել 2013 թվականին՝ այն դեպքից հետո, երբ զինվորականները տապալեցին նախագահ Մոհամեդ Մուրսիին, որը շարժման անդամ էր։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ Matsaddash-ի ձերբակալված վեց աշխատակիցներից բացի, եգիպտական բանտերում պահվում են ևս 19 լրագրողներ։ Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին։




























