Էստոնիայի կառավարությունը ազգային արգելք է սահմանել ռուսական և բելառուսական ծագման հացահատիկի տարանցման վրա երկրի տարածքով, ներառյալ նավահանգիստները։ Որոշումն ընդունվել է այն ֆոնին, երբ Ռուսաստանը փորձում է հացահատիկի արտահանման նոր երթուղիներ գտնել՝ շրջանցելով Սև ծովը, ասվում է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Ռուսաստանը հարվածում է ուկրաինական նավահանգիստներին և խոչընդոտում ուկրաինական հացահատիկի դուրսբերմանը համաշխարհային շուկա։ Ցինիկ կլիներ միաժամանակ թույլ տալ, որ ՌԴ-ն իր սեփական հացահատիկն արտահանի մեր նավահանգիստներով։ Էստոնիան դա թույլ չի տա»,- հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։
Նրա պատմելով՝ արգելքը պետք է կանխի Էստոնիայի վերածումը ռուսական հացահատիկի նոր տարանցիկ երթուղու։ Մինչ այժմ նման տարանցումը երկրի միջոցով գրեթե բացակայել է, սակայն Ռուսաստանը Սև ծովով փոխադրումների հնարավորությունների կրճատումից հետո արտահանման այլընտրանքային ուղիներ է փնտրում։
Ցահքնան նշել է, որ Էստոնիան համակարգում է գործողությունները Լատվիայի և Լիտվայի հետ, որպեսզի ռուսական հացահատիկը չտեղափոխվի Բալթյան երկրների նավահանգիստներով։ «Մենք չենք օգնի Ռուսաստանին մեղմել այն պատերազմի հետևանքները, որը նա ինքն է սկսել»,- ասել է նախարարը։
Լատվիայում ավելի վաղ հայտնել էին ռուսական հացահատիկի տարանցման զգալի աճի մասին և դիտարկում են այն սահմանափակելու միջոցներ։
Մասնավորապես, Ռիգան ծրագրում է բարձրացնել սակագները։ Լիտվան և Լատվիան ևս ուժեղացրել են ռուսական և բելառուսական հացահատիկի փոխադրումների վերահսկողությունը։
2024 թվականին Եվրամիությունը բարձրացրել է ռուսական և բելառուսական հացահատիկի մաքսատուրքերը, սակայն այդ միջոցները ամբողջությամբ չեն արգելում դրա տարանցումը ԵՄ տարածքով դեպի երրորդ երկրներ։





























