Հունաստանը Եվրամիությանն առաջարկել է ստեղծել արտակարգ մեխանիզմ, որը թույլ կտա խոշոր միգրացիոն ճգնաժամերի ժամանակ ժամանակավորապես կասեցնել ապաստանի դիմումների ընդունումը։ Դրա մասին Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Հունաստանի միգրացիայի նախարար Ֆանոս Պլևրիսը, հայտնում է Reuters-ը։
Ըստ նրա՝ նման մեխանիզմ անհրաժեշտ է այնպիսի իրավիճակներում, ինչպիսին է ներգաղթյալների կտրուկ հոսքը դեպի Իսպանիայի Սեուտա անկլավը Հյուսիսային Աֆրիկայում։ Հուլիսի վերջին այնտեղ, Իսպանիայի գնահատմամբ, ժամանել է ավելի քան 72 հազար մարդ։ Նրանց մեծ մասը հետագայում վերադարձել է, սակայն շուրջ 10 հազար ներգաղթյալ դեռ մնում է անկլավում։
«Նման դեպքերում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը սահմանին և կասեցնել ապաստանի դիմումների ընդունումը»,- հայտարարել է Պլևրիսը։
Հունաստանը, որը 2015–2016 թվականների միգրացիոն ճգնաժամի կենտրոնում էր, երբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ավելի քան մեկ միլիոն մարդ ժամանեց Եվրոպա, վերջին տարիներին կրկին բախվել է ներգաղթյալներով նավակների թվի աճին, որոնք Լիբիայից ժամանում են Էգեյան ծովի կղզիներ։
Պլևրիսը նշել է, որ ԵՄ միգրացիոն պակտն օգնել է կրճատել ժամանողների թիվը և մեծացնել վերադարձների քանակը, սակայն, նրա կարծիքով, գործող մեխանիզմները բավարար չեն արտակարգ իրավիճակների համար։
Անցյալ տարի Հունաստանը մի քանի ամսով կասեցրել էր Հյուսիսային Աֆրիկայից ծովով ժամանող ներգաղթյալների ապաստանի դիմումների քննությունը, ինչպես նաև ընդունել էր օրենք՝ ապաստան ստանալու մերժում ստացած անձանց արագացված արտաքսման մասին։
Միևնույն ժամանակ Հունաստանը, Գերմանիան, Ավստրիան, Դանիան և Նիդերլանդները, որոնք ընդգրկված են այսպես կոչված «հնգյակի խմբում», հայտարարել են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներում ներգաղթյալների վերադարձի կենտրոններ ստեղծելու վերաբերյալ կոնկրետ քայլերի համաձայնեցման մասին։





























