Եվրոպայի տարածքում գտնվող զենքի գործարանի նկատմամբ ռուսական ավիացիոն կամ հրթիռային հարվածը պետք է հիմք դառնա Հյուսիսատլանտյան դաշնագրի 5-րդ հոդվածի գործարկման համար։ Դրա մասին հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, գրում է Politico պարբերականը:

«Եթե Ռուսաստանը հարված հասցնի մեր գործարաններին եվրոպական տարածքում, դա կլինի 5-րդ հոդվածի դեպք»,- ասել է Կուբիլյուսը լեհական հեռուստատեսությանը՝ Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի շրջանակում։

Եվրահանձնակատարի օգնականը ճշտել է, որ խոսքը վերաբերում է ձեռնարկության բուն ռմբակոծությանը կամ հրթիռային հարվածին, այլ ոչ թե դիվերսիոն հարձակումներին։

Հայտարարությունը հնչել է եվրոպական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում մի շարք կասկածելի միջադեպերի հետնապատկերին։ Մասնավորապես, Էստոնիան հայտարարել է, որ օգոստոսին Տալլինում Milrem Robotics ընկերության շենքի հրկիզումը կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները։ Էստոնիայի իշխանությունները հիմնվում են երկրի Ներքին անվտանգության ծառայության տվյալների վրա։ Մոսկվան մերժել է մեղադրանքները։

Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ եվրոպական երկրներում գտնվող այն զենքի ձեռնարկությունները, որոնք զենք են արտադրում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար պոտենցիալ ռազմական թիրախներ են։

Կուբիլյուսի խոսքերը կարող են քննարկումներ առաջացնել ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ որոշումը, ըստ որի՝ ո՞ր գործողություններն են համարվում զինված հարձակում, որը կարող է հանգեցնել 5-րդ հոդվածի կիրառմանը, ընդունում են դաշինքի անդամ պետությունները։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինք չէ։